Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքներն ամփոփող ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքն ու Արցախի նկատմամբ ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը: «Ֆեյսբուքի» իր էջում նման համոզմունք է հայտնել Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը:
«Տեղի է ունենում Հայաստանի անվտանգության բզկտում ու չկա որևէ երաշխիք:
Բայց տեղի ունեցողը նաև այն բանի հետևանք է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն զրոյացրել են պատմական նշանակության մեր հիմնարար թեզերը՝ սկսած նրանից, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը կապ չունի Արցախի հետ:
Արդարացրել կամ օրինականացրել են ադրբեջանական անօրինական զինված տեղակայումները Գեղարքունիքում և Սյունիքում, զիջել են մեր տարածքային իրավազորությունը:
Սյունիքում ճանապարհներն այնպես են կառուցում, որ դրանք գտնվում են ադրբեջանական նշանառության ներքո:
Արտաքին աշխարհից, ներքին հանրությունից ու Սփյուռքից թաքցրել ու շարունակում են թաքցնել ադրբեջանական հանցանքների փաստերը:
Սեփական սխալները կոծկելու և դժգոհություն առաջ չբերելու, պաշտոնները պահպանելու համար լայնածավալ ճնշումների են ենթարկում բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են այդ փաստերը:
Կապել են մեր պետության ձեռքերը միջազգային մեխանիզմների հարցում, իսկ երկիրը դարձրել աշխարհաքաղաքական շահերի զոհը: Այս ամենն Ադրբեջանի ձեռքերն ավելի է ազատել՝ աշխարհը կեղծիքներով լցնելու համար: Թմրեցրել ու շարունակում են թմրեցնել մարդկանց զգոնությունը», - գրել է Թաթոյանը:
Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքն ամփոփող Շառլ Միշելի հայտարարության մեջ ոչ մի խոսք չի ասվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի եւ ապագայի մասին: Ավելին, Եվրախորհրդի ղեկավարն իր հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղ համընդհանուր ճանաչում գտած տերմինի փոխարեն օգտագործել է ադրբեջանական "Ղարաբաղ" տերմինը։ Բացի այդ, նրա հայտարարության մեջ չեն հիշատակվում ոչ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների մակարդակով եռակողմ պայմանավորվածությունները, ոչ կարգավորման ընդունված այլ սկզբունքները:
Բացի այդ, ինչպես հայտնի է դարձել, Շառլ Միշելի այդ հայտարարությունից հետո Google քարտեզներում Լեռնային Ղարաբաղի բնակավայրերի եւ պետական հաստատությունների հայկական անվանումներն ամբողջությամբ փոխվել են ադրբեջանականի: