Արմինֆո.Ռուսաստանի իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ-պորտալում հրապարակվել է կարգադրություն, որի համաձայն, ցամաքային սահմաններով Վրաստան մեկնելու համար այլեւս հիմքեր պետք չեն:
Ավելի վաղ Վրաստանի հետ Ռուսաստանի ցամաքային սահմանը հատելու համար պահանջվում էր ապացուցել, որ ուղեւորության նպատակը ուսումն է, աշխատանքը, բուժումը կամ այլ ծանրակշիռ պատճառներ: Նման սահմանափակումներ այս եւ այլ երկրների համար սահմանվել էին ՌԴ կառավարության 2020 թվականի մարտի 27-ի № 763-Ռ կարգադրությամբ, որով կորոնավիրուսի համավարակի առնչությամբ ժամանակավորապես սահմանափակվել է ավտոմոբիլային, երկաթուղային եւ այլ անցակետերով երթեւեկությունը:
Նոր փաստաթղթի համաձայն, հիմնավորումներն այլեւս անհրաժեշտ չեն Վրաստան, ինչպես նաեւ ԴԺՀ եւ ԼԺՀ մուտք գործելու համար: Ավելի վաղ նման սահմանափակումները չեղարկվել էին Աբխազիայի, Հարավային Օսիայի, Մոնղոլիայի, Ղազախստանի եւ Չինաստանի նկատմամբ, հաղորդում է "ՌԻԱ Նովոստին":