Արմինֆո. Շվեյցարիան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների անցկացմանը։ Ըստ Բաքվի ԶԼՄ-ների՝ այդ մասին հայտարարել է Շվեյցարիայի խորհրդարանի Ազգային խորհրդի նախագահ Իրեն Քելինը՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ:
Ընդ որում, շվեյցարացի խորհրդարանականը նշել է Շվեյցարիայի շահագրգռվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման հարցում: Քելինը հավելել է, որ Շվեյցարիան հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ իր հարաբերությունների զարգացմանը, եւ գոհունակություն է հայտնել այդ հարաբերությունների առաջընթացի կապակցությամբ՝ նշելով այդ կապերի հետագա ընդլայնման համար մեծ ներուժի առկայությունը:
Իր հերթին՝ Գաֆարովան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում հավաստիացրել է, որ "հակամարտության լուծումից հետո" տարածաշրջանում առաջացել են նոր իրողություններ եւ հնարավորություններ, եւ վերջիններս պետք է ճիշտ գնահատել՝ մշտական խաղաղության, ինչպես նաեւ անվտանգության եւ համագործակցության հասնելու համար: Նա նաև հիշեցրել է Ադրբեջանի կողմից Հայաստանին արված առաջարկները ՝ "անխախտ խաղաղություն" հաստատելու նպատակով ։ "Խաղաղության համաձայնագրի ստորագրումը պայմաններ կստեղծի հարաբերությունների կարգավորման համար։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, Եվրոպական միության խորհրդի նախագահ Շառլ Միշելը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում հանդիպել են այս տարվա ապրիլի 6-ին: Դատելով այդ հանդիպման արդյունքներից ՝ Հայաստանն ընդունում է Ադրբեջանի առաջարկը ։ Տեղի են ունեցել հեռախոսազրույցներ Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև։ Ադրբեջանը պատրաստ է պատվիրակությունների մակարդակով բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ։ Հայաստանը, իր հերթին, պետք է կատարի իրեն բաժին ընկնող պարտավորությունները՝ հանուն հարաբերությունների կարգավորման", - վերջնագրային, այլ ոչ թե բարիդրացիության սկզբունքով հայտարարել է Գաֆարովան։