Արմինֆո. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կնքումը նշանակում է, որ անհրաժեշտ է գտնել ղարաբաղյան հակամարտության լուծում, որը մենք տեսնում ենք Արցախի ժողովրդի անվտանգության և իրավունքների ապահովման մեջ, ինչից ելնելով պետք է սահմանվի կարգավիճակը։
Այդ մասին մայիսի 5-ին կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք խաղաղության պայմանագրի ստորագրումը չի նշանակում, որ Արցախից դուրս են բերվում ռուս խաղաղապահները, եւ Արցախի մնացած հատվածը հանձնվում է Ադրբեջանին։
Ընդ որում, նա նշել է, որ պետք է սահմանվեն անվտանգության միջազգային երաշխիքներ։ "Մենք չգիտենք, թե ինստիտուցիոնալ տեսանկյունից ինչ երաշխիքներ կլինեն։ Այդ ամենը կորոշվի բանակցությունների ընթացքում։ Եվ եթե մենք տեսնենք, որ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովվելու է, ապա համաձայնություն կտանք", - ասել է նա։
ԱԽ քարտուղարն անդրադարձել է նաև խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկած 5 կետերին, որոնք հայկական կողմից համալրվել են 6 կետով: "Մեր մոտեցումն այն է, որ միավորվեն "5+6" առաջարկների երկու փաթեթները, և բանակցություններ սկսվեն խաղաղության համաձայնագրի շուրջ", - ասել է նա:
Ընդ որում, Գրիգորյանն ընդգծել է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի եւ միջազգային գործընկերների կողմից կա փոխըմբռնում "5+6" փաթեթները միավորելու մոտեցման շուրջ: