Արմինֆո. Երեւանում պղծել են Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի կիսանդրին: "Ես էլ կասկած չունեմ, որ Հայաստանում վխտում են կոնկրետ թուրք և տարբեր գործակալներ... ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ պոզովպոչով չի լինում", - «Ֆեյսբուքի» իր էջում գրել է արվեստաբան Արա Շահումյանը, զետեղելով լուսանկարներ, որտեղ երևում է, որ Ազգալդյանի արձանի քիթը կոտրված է։
Լեոնիդ Ռուբենի Ազգալդյանը ծնվել է 1942 թ., Թբիլիսիում: 1960 թվականին ընդունվել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետ, որտեղից հետագայում տեղափոխվել է Երևանի պետական համալսարանի համապատասխան ֆակուլտետը և այն փայլուն ավարտել է ռադիոֆիզիկա մասնագիտությամբ։ Աշխատել է ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառներում, զբաղվել է պլանավորման մեթոդաբանությամբ և կառավարման համակարգերի ավտոմատացման խնդիրներով, գիտական ուսումնասիրությունների ավտոմատացված համակարգերի հարցերով։ Տարբեր ժամանակաշրջաններում զբաղեցրել է Պետպլանի հաշվողական կենտրոնում, Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորումում, «էներգիա» գիտաարտադրական միավորումում և Ատոմային էլեկտրակայանների համամիութենական գիտահետազոտական ինստիտուտի Երևանի մասնաճյուղի համակարգային ծրագրավորման և հաշվողական տեխնիկայի գծով բաժնի վարիչի պաշտոններ։
Ղարաբաղյան շարժման սկզբնավորման օրից Ազգալդյանը՝ որպես ռազմական առաջատար գործիչ, գործուն կերպով մասնակցել է ազգային-ազատագրական պայքարին։ 1990 թվականի փետրվարից վարել է «Անկախության բանակ»-ի հրամանատարությունը, կազմակերպել մի շարք շրջանների և հատկապես Վարդենիսի ինքնապաշտպանությունը, մասնակցել ազատագրական մարտերի, այդ թվում Նյուվադիի առաջին գրոհին, իսկ մայիսի 27-ի կայարանի և Սովետաշենի արյունալի սադրանքից հետո ծրագրել և իրականացրել է խորհրդային պատժիչ զորքերի Երևան ներթափանցման փորձի կանխումը։
Ազգալդյանը հետագայում իր ճակատագիրն ամբողջությամբ կապել է Արցախի ազատամարտի հետ՝ սկզբում գործելով Շահումյանի, այնուհետև՝ Մարտակերտի շրջաններում։ 1991 թվականի հունիսին Հովսեփ Հովսեփյանի հետ նա ստեղծել է «Ազատագրական բանակ» ռազմական կազմակերպությունը, որի գլխավոր հրամանատարը մնաց մինչև իր կյանքի վերջը։ Թեկուզ միայն Հայաստան-Արցախ-Սփյուռք ճիգերի համադրման իմաստով այդ կազմակերպությունը նոր որակ էր հայ ժողովրդի գոյամարտին ծառայագրված շարժումների շղթայում։ 1992 թվականի հունիսի 21-ին Մարտակերտի շրջանում՝ Տոնաշեն գյուղի մոտ թշնամու դավադիր կրակոցների զոհ դարձավ։ Հետմահու պարգևատրվել է ԼՂՀ և ՀՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով։ 2019 թվականի ապրիլին մեկնարկել է ստորագրահավաք՝ Լեոնիդ Ազգալդյանին ազգային հերոսի կոչում շնորհելու համար։ 2019 թվականի օգոստոսի 31-ին Արցախի Հանրապետության 28-րդ տարեդարձի կապակցությամբ Լեոնիդ Ազգալդյանին հետմահու շնորհվեց Արցախի հերոս կոչումը և «Ոսկե արծիվ» շքանշանը։