Արմինֆո. Ուկրաինայի հակամարտությունում վատթարագույնը դեռ առջևում է։ Եվ այս առումով ես լիովին կիսում եմ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կանխատեսումը, որն արվել է նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի արդյունքում։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել անկախ քաղաքական վերլուծաբան Սարո Սարոյանը։
"Այսպես ասեմ. խոսելով Ուկրաինայի ապաազգայնականացման եւ ապառազմականացման մասին՝ որպես սեփական նպատակներ, Ռուսաստանի նախագահը բնավ չի խորամանկում։ Եվ այդ իմաստով ուկրաինական տարածքների ռազմական օկուպացումը հետևողականորեն շարունակվելու է։ Ուկրաինական քաղաքները շարունակելու են ավերվել, տնտեսությունն ու ենթակառուցվածքը կոչնչացվեն։ Եվ դա՝ դեռ չենք խոսում հակամարտության երկու կողմերից տասնյակ հազարավոր զոհերի մասին։ Այս աշխարհաքաղաքական երկրաշարժի եւս մեկ հնարավոր հետեւանք էլ հենց Ռուսաստանում հեղափոխության հեռանկարն է։ Չի բացառվում՝ քաղաքացիական պատերազմի տեսքով", - նշել է նա։
Մեկնաբանելով ՌԴ-ի եւ Ուկրաինայի միջեւ դիմակայության նոր՝ ռազմական փուլի առաջացման պատճառները՝ Սարոյանն այն բնութագրել է որպես շղթայական աշխարհաքաղաքական արձագանքի մաս, որի սկիզբը դրվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի եւ Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով: Դրանով իսկ, ըստ նրա, դրվել են Հարավային Կովկասում ուժերի նոր հաշվեկշռի ստեղծման գործընթացի հիմքերը։ Եվ, հաշվի առնելով քաղաքական և դիվանագիտական գործիքակազմով խնդիրների լուծման անհնարինությունը, Ուկրաինայում պատերազմի հեռանկարն անդառնալի բնույթ ստացավ։
Սարոյանի կանխատեսմամբ՝ պատերազմն Ուկրաինայում կդադարի միայն այն ժամանակ, երբ աշխարհաքաղաքական որոշ շրջանակներ կատարված համարեն իրենց առջև դրված նպատակներն ու խնդիրները։ Նպատակներ, որոնց իրագործումն առանց պատերազմի, քաղաքականության և դիվանագիտության միջոցով անհնար էր։ Այս լույսի ներքո՝ վերլուծաբանը նշել է Արևելյան Ուկրաինայում այնպիսի կառույցի ձևավորմամբ աշխարհաքաղաքական շահագրգռվածության առկայությունը, որը թույլ տա իրականացնել ինչպես Ռուսաստանի եւ Ուկրաինայի, այնպես էլ երրորդ ուժերի շահերը։
"Ավելի որոշակի կարող եմ կանխատեսել Դնեպրի ողջ ձախ ափի անցում ռուսական վերահսկողության ներքո։ Եվ ամենեւին կարևոր չէ, թե ինչ պատրվակով, ինչ անվան տակ և սուբյեկտության ինչ պաշարով դա տեղի կունենա։ Այդ ամենը հնարավոր է դառնում ՌԴ-ի նկատմամբ երրորդ ուժերի գործողությունների արդյունքում։ Հարկ է նաև հասկանալ, որ գոյություն ունի ևս մեկ աշխարհաքաղաքական միտում՝ ռուսական ազդեցության ընդլայնում և ամրապնդում հետխորհրդային տարածքում։ Այդ ծրագրի, այդ նախագծի ճանապարհին այժմ, Հարավային Կովկասից հետո, հայտնվել է Ուկրաինան։ Ինչով էլ, ընդհանուր առմամբ, պայմանավորված են ընթացիկ իրադարձությունները", - ամփոփել է վերլուծաբանը։