Արմինֆո.Մոսկվան ձգտում է Երեւանի եւ Բաքվի հետ հավասար հարաբերությունների։ Դրա վկայությունն է ՌԴ-ի և Ադրբեջանի միջև վերջերս ստորագրված դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ Անդրեյ Արեշևը։
Փետրվարի 22-ին Մոսկվայում Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվել է դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիր, որի 44 կետերից մի քանիսը վերաբերում են ռազմական ոլորտում համագործակցությանը։
"Ստորագրված փաստաթղթի հետեւում ես տեսնում եմ Ռուսաստանի ցանկությունը սերտ եւ փոխշահավետ հարաբերություններ պահպանել ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ, գործնականում՝ հավասար մակարդակի։ Եվ Հայաստանի ու ՌԴ-ի ու այժմ արդեն ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև դաշնակցության մասին, գործնականում, նույնանման փաստաթղթերի առկայությունը դրա համար անհրաժեշտ իրավական բազա է ստեղծում։ Մոսկվայում ստորագրված հռչակագիրը թույլ է տալիս ՌԴ-ին հաջողությամբ շարունակել պահպանել հավասարությունը նաեւ երկու երկրների հետ ռազմատեխնիկական համագործակցությունում ", - ընդգծել է նա:
Ըստ Արեշեւի կանխատեսումների՝ Ադրբեջանի կողմից իրենից ձեռք բերված սպառազինության բաղադրամասերի մատակարարման եւ սպասարկման միջոցով ՌԴ-ն կփորձի հնարավորինս իրեն կապել Բաքվին: Իսկ ՀՀ զինված ուժերի վերազինմանը ՌԴ-ի հետևողական և բավականին ակտիվ մասնակցության միջոցով նա, գործնականում, շարունակելու է ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև վերջին երկու տասնամյակների հավասարության պահպանման սեփական հետևողական քաղաքականությունը։
Իսկ հաշվի առնելով Հայաստանում կառավարող ուժի կողմից Ադրբեջանի հետ խաղաղության ձգտման մասին բարձրաձայնումը՝ Արեշեւը Երեւանի կողմից որեւէ դժգոհություն արտահայտում չի ակնկալում Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների որակապես նոր մակարդակի բարձրացման կապակցությամբ։ Թեև, ավելի ցածր այլ մակարդակներում տեղի ունեցածին բացասական գնահատականներ, իհարկե, կարող են արտահայտվել եւ կարտահայտվեն։ Միևնույն ժամանակ, քաղաքագետը համոզմունք է հայտնել, որ Բաքուն Անկարայի հետ համաձայնեցրել է Մոսկվայի հետ ստորագրված հռչակագիրը:
Այս լույսի ներքո՝ քաղաքագետն ընդգծել է ՌԴ-ի հետ ստորագրված հռչակագրի կարևորությունն Ադրբեջանի համար' որպես Թուրքիայի հետ սերտ կապերի միջեւ հավասարակշռման տարր: Նրա գնահատմամբ, Թուրքիայի հետ "Շուշիի հռչակագրի" ստորագրումից հետո Բաքվի համար ավելի մեծ արդիականություն է ստացել Թուրքիայի հետ հարաբերությունների դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը՝ ուժի այլ կենտրոնների հետ հարաբերություններով: Մասնավորապես՝ ՌԴ հետ: Եվ ներկայիս աշխարհաքաղաքական տուրբուլենտությունը Հարավային Կովկասում և սևծովյան-կասպյան տարածաշրջանում, ընդհանուր առմամբ, այդ կարևորությունը միայն ամրապնդում է։