Արմինֆո.Թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է փորձել օգտվել Ուկրաինայի շուրջ նախկինի պես ճգնաժամային իրավիճակից՝ Հայաստանի Սյունիքի մարզի ռազմական օկուպացման նպատակով։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը։
"ՌԴ-ի հետ Արեւմուտքի հարաբերություններում դիտվող աշխարհաքաղաքական լարվածության ֆոնին բնավ ոչինչ բացառելու հարկ չկա։ Եվ Թուրքիան այդ խաղում ակնհայտորեն Ռուսաստանի կողմից չէ։ Կարծում եմ, որ Ուկրաինայում ներկայիս լարվածությունը լայնածավալ պատերազմի վերածվելու դեպքում տանդեմը, առաջին հերթին, Թուրքիան, հաստատ, բաց չի թողնի 100 տարի առաջ սկսած գործընթացը ավարտին հասցնելու հնարավորությունը։ Առաջին հերթ,ին այն պատճառով, որ Ուկրաինայում պատերազմը զգալիորեն կթուլացնի ՌԴ-ն։ Ինչից հետո վերջինն այլևս չի կարող խոչընդոտել թուրքական ռազմական ներխուժումը Սյունիք, և, արդյունքում, Իրանը կմնա լիակատար միայնության մեջ, ինչն էլ ավելի կբարդացնի Հայաստանի վիճակը", - կարծում է նա։
Ամեն դեպքում, ակադեմիկոսը հույս ունի, որ Անկարան և Բաքուն ողջամտություն կդրսեւորեն, ինչը թույլ կտա նրանց զերծ մնալ Հայաստանի տարածք բացահայտ ներխուժումից և հարևան պետության ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ ոտնձգություններից։ Առաջին հերթին, նկատի ունենալով միջազգային հանրության կողմից նման քայլի դատապարտման հեռանկարը։ Նրա կանխատեսմամբ ՝ Հայաստան ռազմական ներխուժումը նաեւ այլընտրանք չի թողնի ՀԱՊԿ-ին, որն արդեն ստիպված կլինի արձագանքել դրան։ Քանի որ, հակառակ դեպքում, վերջնականապես կկազմալուծվի որպես ռազմաքաղաքական կառույց, համապատասխանաբար, դադարելով գոյություն ունենալ, նույնիսկ, ձևականորեն։
Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ առկա խնդիրներին՝ ակադեմիկոսը նկատել է, որ սահմանների լիարժեք սահմանազատման եւ սահմանագծման իրականացումը, սկզբունքորեն, կարող է մեղմել ալիեւյան վարչախմբի ռազմատենչությունն ու ախորժակը: Ընդ որում, հղում անելով նույն Ալիեւի հայտարարություններին, պատմաբանը նշել է, որ, նույնիսկ, Հայաստանի հետ հաշտության պայմանագրի ստորագրումը չի կարող ստիպել Ադրբեջանին հրաժարվել "իր կենսական կարեւոր շահերի պաշտպանության եւ իրականացման ծրագրերից":
"Մենք հասկանում ենք, որ նման "ծրագրերի" տակ Ալիևը հասկանում է Սյունիքի նկատմամբ իր նկրտումները։ Ասել է թե՝ ալիևյան լկտիությունը հասել է սահմանագծին, երբ նա բացահայտ հայտարարում է, որ անգամ Հայաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելով, ինքը և իր թուրք ավագ եղբայր Էրդողանը Սյունիքը գրավելու ծրագրերից չեն հրաժարվի։ Դրանով իսկ մեզ ոչ միանշանակ հասկացնում են, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտության պայմանագիրը բոլորովին չի նշանակում, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանին հանգստություն է տիրելու։ Այստեղից մենք պետք է հանգենք հետեւյալ եզրակացության. որքան մենք ավելի պատրաստ լինենք հերթական պատերազմին, այնքան ավելի կհեռացնենք մեզանից այն սկսելու հեռանկարը", - ամփոփել է ակադեմիկոսը։