Արմինֆո. Հայաստանի կառավարությունը հետևողականորեն առաջ է մղելու Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը: Այսօր կառավարույթյան նիստում այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, վարչապետը նաեւ ցավով նշել է, որ շարունակում ենք միջադեպեր և զոհեր ունենալ սահմանին: «Մեր քաղաքականությունը մենք հռչակել ենք և Կառավարության ծրագրում արտահայտված է:. Ես ասել եմ՝ առաջին խնդիրներից մեկը մեր երկրի պաշտպանունակությունը շարունակաբար բարձրացնելն է: Բայց նաև մյուս կողմից ասել եմ, որ մեր երկրի և տարածաշրջանի համար մեր հռչակած խաղաղ զարգացման օրակարգ բացելու համար մեզ ամուր նյարդեր են հարկավոր, որովհետև շատերն անընդհատ փորձելու են ապացուցել, ցույց տալ, մեզ մղել այն մտքին, որ դա հնարավոր չէ: Մենք հետևողականորեն շարժվելու ենք այս ճանապարհով և պիտի ամեն ինչ անենք, որպեսզի մեր երկրի շուրջ ձևավորվի կայուն և անվտանգ միջավայր: Սա մեր քաղաքական ամենակարևոր անելիքն է, առավելևս 2020 թվականի պատերազմից և 2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո: Մենք այս օրակարգը հետևողականորեն առաջ ենք մղելու», - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի զինված ուժերը նախորդ տարվա մայիսից ապօրինաբար ներխուժել եւ գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Սյունիքի եւ Գեղարքունիքի մարզերում: Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների հերթական սադրանքի արդյունքում ՊՆ-ը հաղորդել է երեք հայ զինծառայողների զոհվելու մասին: