Արմինֆո. Հարավային Կովկասի հարցերով "3+3" խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի հաջորդ նիստը կարող է տեղի ունենալ Թուրքիայում, Անկարան ակնկալում է Վրաստանի մասնակցությունը: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն:
"Մենք Ջեյհուն Բայրամովի հետ մտքեր փոխանակեցինք Մոսկվայում "3+3" ձևաչափով տարածաշրջանային խորհրդակցությունների անցկացման և վերջին իրադարձությունների շուրջ։ Հուսով ենք՝ հաջորդ հանդիպումն անցկացնել Թուրքիայում եւ ակնկալում ենք, որ Վրաստանը նույնպես կմասնակցի դրան", - Իսլամաբադում լրագրողներին ասել է Չավուշօղլուն՝ ամփոփելով Աֆղանստանի հարցով Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքները, հաղորդել է "ՌԻԱ Նովոստի" - ն։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել "3+3" խորհրդատվական տարածաշրջանային պլատֆորմի առաջին նիստը ' ՌԴ, Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարարների եւ Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրենի համանախագահությամբ: ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ "Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրվել էին, ձեռնպահ են մնացել հանդիպմանը մասնակցելուց":