Արմինֆո.ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ափսոսում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների տապալված հանդիպման համար
Արմինֆո .ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (Էնդրյու Շոֆերը Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Իգոր Խովաևը Ռուսաստանի Դաշնությունից և Բրիս Ռոկֆեյը Ֆրանսիայից) այսօր հանդես են եկել հետևյալ հայտարարությամբ.
Համանախագահները դեկտեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի, իսկ դեկտեմբերի 2-ին՝ Ստոկհոլմում ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեհուն Բայրամովի հետ։ Համանախագահները հանդիպել են նաև ԵԱՀԿ նոր գործող նախագահ Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի հետ։ Հանդիպումներին մասնակցել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։
Համանախագահները ցավում են, որ Ստոկհոլմում հնարավոր չի եղել իրենց հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների համատեղ հանդիպում անցկացնել։ Նրանք պատրաստակամություն են հայտնում անցկացնել նման հանդիպում, հենց որ հանգամանքները թույլ տան շարունակել սեպտեմբերին Նյու Յորքում և նոյեմբերին Փարիզում սկսված քննարկումները։