Արմինֆո. Միացյալ Նահանգները ցանկանում է իր աջակցությունը հայտնել տարածաշրջանում երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին:
Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումները Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի եւ Սերգեյ Լավրովի հետ նշանակում են, որ ԱՄՆ-ն կակտիվացնի ջանքերը տարածաշրջանում։
"Մենք, անկասկած, պետքարտուղար Բլինքենի, Պետդեպարտամենտի եւ դեսպանատան միջոցով ցանկանում ենք մեր աջակցությունը հայտնել այն ջանքերին, որոնք ուղղված են տարածաշրջանում երկարաժամկետ եւ համապարփակ խաղաղության հաստատմանը", - հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ նախօրեին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպման ժամանակ մանրամասն քննարկել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը։ Միրզոյանը և Բլինքենն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի շրջանակներում հակամարտության համապարփակ կարգավորմանն ուղղված խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը։ Կարևորվել է նաև ԱՄՆ-ի դերը՝ որպես համանախագահ երկրի։ Իսկ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Էնթոնի Բլինքենը ողջունել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ երկխոսության վերսկսումը։