Արմինֆո.ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) մաքսային ծառայողներն արդեն ծառայություն են իրականացնում Գորիս-Կապան ավտոճանապարհին: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողներին հաղորդել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։
"Հիմնական մաքսային գործառույթներին դեռ գործը չի հասել, դրանք կլինեն այն դեպքում, երբ ՀՀ սահմանը հատող մեքենաների մաքսային հսկողություն իրականացնելու անհրաժեշտություն առաջանա։ Ներկայում որոշակի աշխատանք է տարվում մաքսավորների համար լրացուցիչ աշխատանքային պայմանների ստեղծման ուղղությամբ", - ասել է Բադասյանը։
Այս փուլում մաքսային ծառայողները ժամանակավորապես տեղավորվել են նույն շինություններում ՝ այլ պետական գերատեսչությունների հետ միասին, մինչև նրանց համար համապատասխան պայմանների ստեղծումը։
ՊԵԿ ղեկավարը կարծում է, որ այդ հատվածում հայկական սահմանային անցակետերի տեղակայումն ինքնանպատակ չէ։ Ընդ որում, նա դժվարացել է ասել, թե արդյոք Ադրբեջանը երբևէ կօգտվի այդ ճանապարհից, թե ոչ ։ Նրա խոսքով ՝ այսօրվա դրությամբ ադրբեջանական ավտոմեքենայով սահմանը հատելու փաստ չի արձանագրվել։
Այն հարցին, թե արդյոք այս ժամանակահատվածում Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիներն իրականացրել են մաքսային գործառույթներ, Պետեկամուտների կոմիտեի նախագահը պատասխանել է, թե՝ այն փաստը, որ իրենք մայրուղու վրա են, արդեն նշանակում է, որ կատարում են:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 11 - ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե "անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետությունը ևս Գորիս-Կապան ճանապարհին մաքսային և անձնագրային հսկողության կետեր կսահմանի", հայտարարել էր, որ, ընդհանուր առմամբ, դա է տրամաբանությունը: Այսինքն, ինչպես պարզաբանել Է ԱԽ քարտուղարը, հայկական կողմը նույնպես մաքսային անցակետեր կտեղակայի անցնող ադրբեջանական մեքենաներից մաքսատուրք գանձելու համար։