Արմինֆո.Նոյեմբերի 25-ը Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է: Մեկ տարի առաջ հենց այս օրը ՀՀ զինված ուժերը հեռացան Քարվաճառից, որն առանց մեկ կրակոցի հանձնվեց հակառակորդին։ Հենց Քարվաճառի պաշտպանությանն էր կանգնել լեգենդար Մոնթե Մնլքոնյանը, ով Արցախյան առաջին պատերազմի ժամանակ հայտնի էր որպես ամենափորձառու, անվախ ու պահանջկոտ հրամանատար, որի հեղինակությունն ու ժողովրդականությունը հեռու էին Հայաստանի ու Արցախի սահմաններից։
Նա Արցախի պաշտպանության համար պայքարի մեջ մտավ 1990թ. հոկտեմբերին: 1991թ. սկզբում հիմնադրեց "Հայրենասիրական" ջոկատը։ 1992թ. - ից եղել է Մարտունու պաշտպանական շրջանի հրամանատար: Մասնակցել է ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին ՀՀ Իջևանի, Ճամբարակի շրջաններում, Շահումյանի (Էրքեջ, Բուզլուխ, Մանաշիդ, Կարաչինար), Մարտակերտի, Մարտունու շրջաններում: Ղեկավարել է ազատագրական գործողությունները Մարտունու, Քարվաճառի, Աղդամի շրջաններում: Մոնթե Մելքոնյանը զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին Մարզիլու գյուղում՝ հատուկ գործողության ընթացքում։ "Մենք պարտվելու իրավունք չունենք, մենք պետք է ամեն ինչ տանք հաղթելու համար։ Մենք պետք է շատ բանում մեզ մերժենք, մենք պետք է հասկանանք, որ այս պատերազմը պետք է ավարտվի միայն մեր հաղթանակով, այլ տարբերակ լինել չի կարող։ Եթե մենք կորցնենք Արցախը, կփակենք մեր պատմության վերջին էջը", - ասում էր լեգենդար Մոնթե Մելքոնյանը։
Մելքոնյանի հերոսական պայքարի մասին հիշել է նաև Արցախի պաշտպանության բանակի մամուլի ծառայության նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը: «1993թ. մարտի 27-ից ապրիլի 5-ն ընկած ժամանակահատվածում հայկական ստորաբաժանումների գրագետ գործողությունների արդյունքում փայլուն կերպով իրականացվեց Քարվաճառ-Օմար օպերացիան: Այդ ռազմագործողության շնորհիվ Արցախն ունեցավ Մայր Հայաստանին կապող ռազմավարական կարևորության երկրորդ ճանապարհը...
Դրանից 27 տարի անց՝ 2020թ. հենց այս օրը, հայկական ապիկար իշխանությունների որդեգրած պարտվողական քաղաքականության արդյունքում, Հայոց միջնաբերդ հանդիսացող Քարվաճառն առանց կրակոցի հանձնվեց թշնամուն... Հանձնվեց Քարվաճառ-Օմար ռազմագործողության լեգենդար հրամանատարներից մեկի՝ Մոնթե Մելքոնյանի (Ավո) ծննդյան օրը՝ նոյեմբերի 25-ին...
Չեմ կասկածում, որ այս ամենին վ ե ր և ի ց նայելով՝ Ավոն ասում է՝ <<սրանք կամ էշ են, կամ էլ ապուշ...>> Ջղայնության պահին հենց այս որակումներն էին նրա կողմից նախընտրելին...», - գրել է Հասրաթյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում: