Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրն ընդունել է «Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2021 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին» որոշում:
Ըստ այդմ, ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, 2021 թ. հոկտեմբերի 25-ից մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ կհայտարարվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ: 2021 թ. ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2022 թ. հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին: Նախատեսվում է նաև այլընտրանքային աշխատանքային ծառայությունից արձակել սահմանված ժամկետում այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցած ծառայողներին: Ձմեռային զորակոչի կազմակերպման նպատակով կստեղծվի հանրապետական զորակոչային հանձնաժողով: