Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հոկտեմբերի 19-ին ԱԺ պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովի նիստում առաջին ընթերցմամբ քննարկման է ներկայացրել "Պետական սահմանի մասին" օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Ներկայացնելով օրինագիծը՝ Սարգսյանը նշել է, որ, փոփոխությունների համաձայն, նախատեսվում է սահմանել հակաօդային պաշտպանության ուժերի ՀՕՊ միջոցների կիրառման կարգը պետական սահմանի օդային տարածքը պահպանելիս, որը կորոշվի Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Առաջարկվում է կառավարության համապատասխան որոշմամբ կանոնակարգել ՀՀ պետական սահմանի պահպանության և ՀՀ պետական սահմանի օդային տարածքում ահաբեկչական գործողությունները չեզոքացնելու համար ՀՕՊ և ռազմական ավիացիայի ուժերով սպառազինության և ռազմական տեխնիկայի օգտագործման կարգը, ինչպես նաև որոշումներ կայացնելու լիազորություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակը: Ըստ նրա, Հայաստանի հակաօդային պաշտպանության ուժերը, հանրապետության անվտանգության համար սպառնալիքի կամ ցանկացած այլ թշնամական գործողության դեպքում, իրավունք ունեն ուղեկցել և նույնիսկ ստիպել ինքնաթիռին կամ ցանկացած այլ թռչող միջոց կամ սարք վայրէջքի: Վայրէջքը կարող է իրականացվել կամ օդանավակայանի տարածքում, կամ ցանկացած այլ համապատասխան հարթակում։ Ընդ որում, նա արձանագրել է, որ եթե ինքնաթիռը կամ ցանկացած այլ թռչող սարք շարունակում է թռիչք իրականացնել, անտեսելով հակաօդային պաշտպանության ուժի պահանջները, ապա այդ դեպքում ՀՕՊ զորքերի ստորաբաժանումներն իրենց իրավունք են վերապահում ոչնչացնել նշված թռչող օբյեկտը:
Սարգսյանը նաեւ հիշեցրել է, որ 2017 թվականին ուժի մեջ է մտել Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում Ռուսաստանի եւ Հայաստանի զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը, որում նշվում է, որ խաղաղ ժամանակ համաձայնագրի կողմերն իրավունք ունեն ինքնուրույն որոշել զորքերի կիրառման կարգը, իսկ զենքի կիրառման կարգը սահմանվում է երկրի օրենսդրությամբ, որի օդային տարածքը խախտվում է:
Իր հերթին՝ հարակից զեկուցող եւ կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ ՀՀ պետական սահմանի խախտման դեպքում ՀՕՊ ուժերն իրավունք ունեն կիրառել հակաօդային պաշտպանության համապատասխան միջոցներ: Սակայն այդ միջոցների օգտագործման կարգն այդպես էլ չի որոշվել:
Կարճատեւ քննարկումներից հետո օրինագիծը ստացել է խորհրդարանական մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը: ԱԺ "Հայաստան" խմբակցության անդամները քվեարկությանը չեն մասնակցել: