Արմինֆո.Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշել է ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման գլխավոր արդյունքը: Սեպտեմբերի 28-ին Մոսկվայում իր վիետնամցի գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում պատասխանելով ղարաբաղյան հակամարտության գոտում 44-օրյա պատերազմի դադարեցման գլխավոր արդյունքների վերաբրեյալ հարցին, Լավրովը մասնավորապես ասել է.
"Գրեթե մեկ տարվա գլխավոր արդյունքը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, այն է, որ հաստատվել է կայունություն, այն պահպանվում է, եւ ռուսական խաղաղապահ զորակազմը նպաստում է այն բանին, որ մենք այժմ որեւէ բռնի գործողություն չենք տեսնում: Փոքր միջադեպերը, որոնք եղել են սկզբնական փուլում, արագ լուծվել են։ Եվ եւս մեկ անգամ շեշտեմ ՝ այժմ այնտեղ կայուն է, թեեւ, իհարկե, խնդիրները քիչ չեն", - ասել Է Լավրովը, հավելելով, որ խնդիրները կապված են խաղաղ կյանքի կազմակերպման, ականազերծման գործողությունների ավարտի, պահված անձանց վերադարձի հետ եւ այլն։
Միեւնույն ժամանակ, ռուս նախարարը համոզմունք է հայտնել, որ այժմ գլխավոր խնդիրն է հարթել խաղաղ կյանք, կայուն կյանք երկրի վրա, որպեսզի հայկական եւ ադրբեջանական համայնքները վստահություն հաստատեն միմյանց միջեւ, որն այնտեղ եղել է մինչեւ առաջին ղարաբաղյան պատերազմը: "Որպեսզի այնտեղ լուծվեն փախստականների վերադարձի խնդիրները եւ կենցաղային այլ առօրյա հարցեր", - ասել է նա:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն անդրադարձել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը, հիշեցնելով, որ միջնորդները բառացիորեն օրերս Նյու Յորքում հանդիպում են ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ:
"Նրանք, թե ինչպես հասկանում եմ, համաձայնեցրել են տարածաշրջան իրենց ուղեւորությունների վերսկսումը՝ այցելության և տեղում Հայաստանի, Ադրբեջանի ներկայացուցիչների հետ խոսակցությունների համար, այդ թվում, եւ Ստեփանակերտում նախատեսված են հանդիպումներ: Ինձ թվում է, որ հիմա նրանց գլխավոր խնդիրն է նպաստել այն դրական միտումներին, որոնք պետք է ամեն կերպ ամրապնդել՝ գետնի վրա ապահովելով հայկական ու ադրբեջանական համայնքների համակեցությունը, համագործակցությունը", - ասել Է Լավրովը, ևս մեկ անգամ ընդգծելով, որ հենց դա է այժմ գլխավոր խնդիրը։ Ընդ որում, նա հավելել է, որ այժմ չէր կառուցի ավելի հավակնոտ ծրագրեր։