Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին», «Կրթության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:
Ինչպես հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը, օրինագծերի ընդունման արդյունքում՝ կառավարությանը կվերապահվի լիազորություն սահմանելու պետության կողմից ֆինանսական աջակցություն ստացող ուսանողների որոշակի այլ խմբեր, կապահովվի բարձրագույն և հետբուհական մասնագիտական, նախնական մասնագիտական (արհեստագործական) և (կամ) միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում ընդգրկված խմբերի մեծացումը, սոցիալական տարբեր խմբերի համար հավասար մատչելիության բարձրացումը: Նախագծերով առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում կառավարությանը կտրվի հնարավորություն սահմանելու բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր, ինչպես նաև նախնական մասնագիտական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսումնական հաստատություններում սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից՝ լրիվ կամ մասնակի:
Ինչպես նշել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը, գործող կարգերով պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից օգտվում են ուսումնական տարվա արդյունքներով բարձր առաջադիմություն ունեցող սովորողները, օրենքով նախատեսված սոցիալական խմբերին պատկանող ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների ուսանողները: Վահրամ Դումանյանը նշել է, որ բացի օրենքով սահմանված շրջանակից, սովորողների այլ խմբերի ուսման վարձի հատկացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է երկրում հայտարարված արտակարգ դրությամբ և 44 օրյա ռազմական գործողությունների հետևանքներով: «Պետության կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու համար օրենքում ավելացվել են սովորողների առանձին խմբեր՝ մարտական գործողություններին մասնակցած ուսանողներ, սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կամ ինտեգրացված կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներ: Առաջարկվող փոփոխությունների արդյունքում կառավարությունը կհաստատի համապատասխան կարգեր, որոնցով կկանոնակարգվեն այդ խմբերի ուսանողներին տրվող նպաստների հետ կապված հարաբերությունները, չափերը՝ ինչպես նաև կամրագրվեն առաջադիմության շեմեր (բուհերում՝ ՄՈԳ): Ըստ այդմ՝ կնախատեսվեն համապատասխան փոխհատուցման չափերը՝ նպատակ ունենալով խրախուսել և կարևորել նաև սովորողների առաջադիմությունը, ապահովել կրթության որակը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը:
Ըստ Վահրամ Դումանյանի՝ օրինագծի ընդունման պարագայում, նախատեսվում է, որ որոշակի առաջադիմություն ունեցող սովորողների ուսման վարձի մասնակի փոխհատուցումից այս տարի կօգտվի շուրջ 4000 ուսանող, 2022 թվականին օգտվողների թիվը կկազմի 6800, 2023 թ.-ին՝ 6000, 2024թ.-ին՝ 4600:
Վահրամ Դումանյանը հիշեցրել է նաև, որ կառավարության որոշմամբ իրականացվում է նաև առանձին միջոցառում 44 օրյա պատերազմի մասնակից ուսանողների, նրանց զավակների և ամուսիների 1 կիսամյակի ուսման վարձի փոխհատուցման մասով, որից օգտվել է արդեն իսկ շուրջ 7074 շահառու, ինչի համար տրամադրվել է 1 մլրդ 464 մլն դրամ:
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ընդունված որոշման կարևոր առանձնահատկություններին և այդ համատեքստում ընգծել սոցիալական և կրթական քաղաքականությունների միջև ճիշտ հավասարակշռություն ապահովելու կարևորությունը: «Չի կարելի կամ առնվազն նպատակահարմար չէ կրթության ոլորտում հենվել բացառապես սոցիալական բաղադրիչի վրա, որովհետև դրա սոցիալական հետևանքներն իրականում շատ ավելի վատ են, քան՝ լավ: Եթե մենք ուղղակի մարդուն օգնում ենք, որպեսզի մնա, օրինակ՝ բարձրագույն կրթական համակարգում, և պատշաճ կրթություն ստանալու մոտիվացիաներ չենք դնում, ապա դրանով նրա սոցիալական հարցը ոչ թե լուծում ենք, այլև՝ խորացնում: Ցավոք, այդ մարդիկ շատ հաճախ համալրում են այն կատեգորիայի շարքը, որը, ժողովրդական լեզվով ձևակերպված հետևյալն է՝ բարձրագույն կրթությամբ չի կարողանում աշխատանք գտնել: Հետևաբար, մեր նպատակադրումը պետք է լինի, ոչ թե մարդկանց դիպլոմով, այլև՝ կրթությամբ ապահովելը: Այս առումով մենք այդ փորձն ունեցանք կորոնավիրուսի համավարակի հակաճգնաժամային միջոցառումներով, երբ ներդրեցինք առաջադիմության հետ կապված կրթության վարձի վճարումների աջակցության ծրագիրը: Այո՛, նաև դրա համար շատ քննադատության արժանացանք, բայց մենք ճիշտ ենք վարվել և պետք է շարունակենք գնալ այդ ուղղությամբ: Այո՛, պետությունը պետք է օգնի այն մարդուն, ով ուզում է ստանալ կրթություն, բայց պետությունը չպետք է օգնի այն մարդուն, ով ցանկանում է ստանալ դիպլոմ, սրանք բոլորովին տարբեր բաներ են»,-ասել է վարչապետի պաշտոնակատարը:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև միջին մասնագիտական կրթության գրավչության բարձրացման հարցը. «Ցավոք, մեր վերջին 30 տարվա պատմության ընթացքում տեսել ենք մի իրավիճակ, երբ բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություններն այնքան են մեծացել, որ միջին մասնագիտական ոլորտը կանգնել է կոլապսի առաջ, որովհետև շատ հաճախ մարդիկ արձագանքում են պարզ բանաձևի՝ ինչու ստանալ միջին մասնագիտության կրթություն, եթե կարելի է ստանալ բարձրագույն կրթության դիպլոմ: Եվ, հետևաբար, այս ուղղությունը մենք պետք է քայլ առ քայլ ավելի խստացնենք, չափորոշիչներն ավելի բարձրացնենք: Եվ, իհարկե, պետք է կրթական հնարավորություններն ընդլանենք, որպեսզի մեր բուհերը լինեն ոչ թե ուսման վարձ հավաքող հիմնարկություններ, այլ լինեն պատշաճ, մրցունակ կրթություն ապահովող հաստատություններ, ինչը մեր ռազմավարական կարևորագույն ուղղություններից մեկն է»:
Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտնել է, որ Եվրամիության կողմից տրամադրվող 2,6 մլրդ եվրոյի փաթեթում ներառվել են նաև միջին մասնագիտական կրթությունը խթանող ծրագրեր. «Հույս ունենք, որ դրա իրագործման արդյունքում մեծ քանակի մասնագետներ կունենանք, որոնք կամ իրենց սեփական փոքր, միջին բիզնեսը կսկսեն, կամ էլ կլրացնեն այդ ոլորտում առկա թափուր աշխատատեղերը»,-ասել է նախարարի պաշտոնակատարը և հավելել, որ ներկայումս նաև շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ պատրաստվում է տնտեսության համապարփակ վերլուծություն, որը հնարավորություն կտա սկսել կրթության համակարգին տնտեսության պահանջարկին համահունչ կրթական պատվեր տալու գործընթաց:
Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Այս ուղղությունը կապված է կոնկրետ իրադրության հետ. Հայաստանի Հանրապետությունում ունենք բավական մեծ ծավալի գործազրկություն, մյուս կողմից ունենք աշխատուժի ներգրավման պրոբլեմ մի շարք ոլորտներում: Ընդ որում, խոսքը տարբեր որակավորման մասնագիությունների մասին է, բայց լավ մասնագետների լուրջ պրոբլեմ կա բոլոր ոլորտներում: Մենք դա անընդհատ արձանագրում ենք մեր վերլուծություններով, գործարար միջավայրի հետ մեր շփումներով: Այս պրոբլեմն իր արմատներով հասնում է կրթական համակարգին և կրթական համակարգի նկատմամբ վերաբերմունքի մշակույթի հետք է առնչվում: Եվ, այո, պետք է արձագանքենք այն պահանջներին, որոնք արձանագրվում են տնտեսության մեջ»: