Արմինֆո.Հուլիսի 29-ին, ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:
Հայաստանի ՊՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել է: Ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հանգիստ էր, կրակոցներ չկային:
Ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: «Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի
կրակը լռեցվել է։ Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։ Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է», - ասվում է ՊՆ հաղորդագրությունում։