Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը կրակային դիրքում իրեն ամրակցված ԱԿ տեսակի ինքնաձիգից ինքն իրեն կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց և ստացել մահացու հրազենային վնասվածք: Ինչպես հաղորդում է ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունը, քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ավելի վաղ ՔԿ մամուլի ծառայությունը հաղորդել էր, որ 2021 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասի կրակային դիրքում, կրծքավանդակի ձախ շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը: «Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորային վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ զինծառայողի մահվան հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրությունում։