Արմինֆո. ԱՄՆ Պետդեպարտամենտն իր քաղաքացիներին կոչ է անում վերանայել Հայաստան այցելելու հնարավորությունը՝ COVID-19-ի պատճառով, ինչպես նաեւ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջան այցելություններից՝ զինված հակամարտության պատճառով:
Պետդեպարտամենտի կայքում զետեղված հաղորդագրության մեջ ասվում է, որ Հայաստանի որոշ մարզերում COVID-19 հիվանդացության բարձր ռիսկ կա: Մասնավորապես, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնները Հայաստանում կորոնավիրուսով հիվանդության վտանգի ռիսկը բարձրացրել են մինչեւ երրորդ մակարդակ:
Պետդեպարտամենտը նաեւ կոչ է անում հրաժարվել Լեռնային Ղարաբաղ այցելություններից՝
տարածաշրջանում զինված հակամարտության եւ ղարաբաղյան հակամարտության զոհերի պատճառով։
"Պարբերական կրակոցները եւ հրետանային համակարգերի պատահական օգտագործումը, ներառյալ ականներն ու ականանետերը, ամեն տարի հանգեցնում է մահվան եւ վիրավորումների: Խուսափեք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ շփման գծի եւ միջազգային սահմանի մեերձակա ճանապարհներից։ ԱՄՆ կառավարությունը չի կարող արտակարգ ծառայություններ տրամադրել ԱՄՆ քաղաքացիներին Լեռնային Ղարաբաղում, քանի որ ԱՄՆ պետական ծառայողներին արգելված է մեկնել այնտեղ", - նշվում է հաղորդագրությունում: