Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Կառավարության մամուլի ծառայության հաղորդման համաձայն, կողմերը հանգամանալից քննարկել են տարածաշրջանին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, մասնավորապես, գերիների վերադարձի խնդրին և տարածաշրջանային ճանապարհների վերագործարկմանը: Քննարկվել են նաև տնտեսության և պաշտպանության ոլորտներում երկկողմ համագործակցության ընթացիկ և հեռանկարային հարցերը: Տարածաշրջանում տիրող իրավիճակի համատեքստում Նիկոլ Փաշինյանն ընդգծել է խաղաղության և կայունության պահպանության առումով ՌԴ առանցքային դերակատարումը: Կողմերը շեշտել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության կարևորությունը:
Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ ։ Քննարկվել են առեւտրատնտեսական, էներգետիկ, հումանիտար եւ այլ բնագավառներում ռուս-հայկական համագործակցության արդիական հարցեր: "Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման թեմային։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել տարբեր մակարդակների հետագա շփումների շուրջ", - ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում: