Արմինֆո.Ադրբեջանը կմասնակցի Վրաստանում կայանալիք ՆԱՏՕ-ի "Agile Spirit 2021" միջազգային զորավարժություններին։
ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարության հաղորդագրության համաձայն, զորավարժությունները կսկսվեն հուլիսի 26-ին եւ կշարունակվեն մինչեւ օգոստոսի 6-ը:
Բացի Վրաստանից եւ Միացյալ Նահանգներից՝ դրանց կմասնակցեն ՆԱՏՕ-ի 13 երկրների եւ դաշինքի գործընկեր պետությունների զինծառայողներ: Մասնավորապես՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Գերմանիան, Լեհաստանը, Ռումինիան, Իսպանիան, Թուրքիան, Ուկրաինան, Իտալիան և Ադրբեջանը։
Զորավարժություններին մասնակցող զորակազմի մեծ մասը կկազմեն վրացի զինվորականները՝ շուրջ 1600 զինվոր եւ սպա, մոտավորապես 700 զինծառայողներ վարժանքների կժամանեն ԱՄՆ եվրոպական զորամասերից: Ընդհանուր առմամբ, զորավարժություններին կմասնակցեն ավելի քան 2,5 հազար զինվորականներ։ Ուսումնական վարժանքները ներառում են ուսուցում հրամանատարական կետում, դաշտային վարժանքներ եւ մարտական հրաձգությամբ վարժություններ:
Agile Spirit-ը բարձրացնում է ԱՄՆ-ի, Վրաստանի, դաշնակիցների եւ տարածաշրջանային գործընկերների ուժերի պատրաստվածությունն ու օպերատիվ համատեղելիությունը: Զորավարժությունների լեյտմոտիվն է՝ "ուժ գործընկերության միջոցով"։
Սա առաջին զորավարժություններն են, երբ վրացական մարզական հրաձգարանում օդային գործողությունները համադրվելու են Վրաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ռումինիայի եւ Լեհաստանի զինվորականների մասնակցությամբ: