Արմինֆո. Սյունիքի մարզ աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ այցելել է Գորիսի քաղաքապետարան, որտեղ հանդիպել է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և Գորիս խոշորացված համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերից՝ Խնձորեսկի ղեկավար Երվանդ Մալունցի, Հարթաշենի ղեկավար Արմեն Խաչատրյանի և Քարահունջի ղեկավար Լուսինե Ավետյանի հետ։
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Արմեն Սարգսյանը նշել է, որ Սյունիք այցը երկար ժամանակ ծրագրված էր, բայց կորոնավիրուսով վարակվածությունը ստիպել էր հետաձգել այն։ «Այսօր եկել եմ նախ և առաջ իմ աչքերով տեսնելու այն, ինչ լսում եմ, անձամբ ձեզնից լսելու խնդիրների մասին, և մտածենք, թե ինչով կարող եմ օգնել»,-ասել է նախագահը։
Համայնքների ղեկավարները նախագահին ներկայացրել են պատերազմից հետո ստեղծված իրավիճակն ու խնդիրները, որոնցից հատկապես առաջնային են համարել անվտանգության, սահմանազատումների հետ կապված հարցերը։ Նշվել է նաև, որ մարզի սահմանամերձ համայնքների բնակիչները, որոնց հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, ներկայումս զրկված են արոտավայրերի, անգամ՝ մասնավոր սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքների օգտագործման հնարավորությունից, քանի որ դրանք հայտնվել են ադրբեջանական վերահսկողության տակ։ Սա ավելի է բարդացնում առանց այն էլ բարդ սոցիալ-տնտեսական իրավիճակը։
Նշվել են նաև գործազրկության, մասնավորապես Գորիսում զբոսաշրջության ոլորտում առաջացած դժվարությունները, ինչպես նաև ենթակառուցվածքների հետ կապված խնդիրները։ Հանդիպմանը քննարկվել են նաև նախագահական ինստիտուտի կողմից խնդիրների լուծմանն աջակցելու հնարավորությունները։
Պատասխանելով հնչած հարցերին և անդրադառնալով ներկայացված խնդիրներին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահի ինստիտուտի լիազորությունների սահմաններում հնարավորինս կփորձի աջակցել դրանց լուծմանը:
Ինչպես հաղորդել է ՄԻՊ գրասենյակի մամուլի ծառայությունը, հանրապետության նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում այցելել են Շուռնուխ գյուղ:
Բնակիչները` որպես գլխավոր խնդիր, բարձրացրել են անվտանգության ապահովումը, որն առաջացել է իրենց անմիջական հարևանությամբ` համայնքի ճանապարհին ադրբեջանական զինվորականների ապօրինի ներկայության պատճառով: Այդ ֆոնին առկա են նաև սոցիալական չլուծված խնդիրներ:
Պատերազմից հետո սահմանների հետ կապված գործընթացի արդյունքում մարդիկ զրկվել են բնակարաններից, հողատարածքներից ու արոտավայրերից:
Ադրբեջանական ներկայության պատճառով բնակարաններից զրկված մարդիկ բարձրացրել են նոր բնակարանների կառուցման հարցում առաջ եկած խնդիրներ:
Մարդու իրավունքների պաշտպանը վերահաստատել է Սյունիքում մարդու իրավունքների երաշխավորման նպատակով ապառազմականացված անվտանգության գոտի ստեղծելու իր հայեցակարգը:
ՀՀ նախագահի և ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմերը կամփոփեն այս համատեղ այցի արդյունքները և ըստ իրավասության՝ կձեռնարկվեն համապատասխան քայլեր, այդ թվում՝ համատեղ: