Արմինֆո.Միջազգային հանրությունը պետք է ապահովի բոլոր կալանավորների արագ վերադարձը։ Այդ մասին Եվրախորհրդարանում "Ադրբեջանում հայ գերիների ճակատագիրը" քննարկման ժամանակ հայտարարել է ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը։ "Անհետ կորածների ողբերգությունը, որը հիշեցնում է 1974 թվականից Կիպրոսում տեղի ունեցողը, չպետք է կրկնվի Լեռնային Ղարաբաղում", - ասել է նա:
Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանն, իր հերթին, ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիներին պահելը պատերազմի ավարտից մի քանի ամիս անց հոգեբանական տեսանկյունից պատերազմը երկարաձգելու ակտ է: Ընդ որում, նա հավելել է, որ հայկական սփյուռքը հիասթափված է եվրոպական երկրների պասիվ եւ լուռ դիրքորոշումից այդ անհետաձգելի հումանիտար հարցի նկատմամբ: "Եվրոպան կարող է և պետք է ավելիին հասնի, այդ թվում ՝ հանուն սեփական հեղինակության, ուժի և կենսունակության։ Մենք լիահույս ենք, որ Եվրոպական խորհրդարանը, որպես մեկ ամբողջություն, վերջապես, կարտահայտի իր դիրքորոշումը հայ գերիների նկատմամբ եւ կոչ կանի Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ գերիներին եւ ռազմագերիներին", - եզրափակել է EAFJD-ի գործադիր տնօրենը:
Ինչպես հաղորդում է Հանուն արդարության եւ ժողովրդավարության եվրոպական հայկական դաշնությունը, համաժողովի ընթացքում ընդգծվել է, որ Ադրբեջանի կողմից հայ գերիների նկատմամբ բռնությունն ու դաժան վերաբերմունքը պատերազմական հանցագործություն է, որը խախտում է 1949 թվականի Ժնեւի կոնվենցիայի շրջանակներում ստանձնած պարտավորությունները: Նշվել է նաեւ, որ ակնհայտորեն խախտելով Կոնվենցիան եւ մարդու իրավունքների հիմնարար սկզբունքները, Ադրբեջանը օգտագործում է այդ չափազանց նուրբ հումանիտար հարցը քաղաքական շահ ստանալու համար: Բոլոր ռազմագերիների, պատանդների եւ մյուս ձերբակալվածների ազատ արձակումը նախատեսված է 2020 թվականի նոյեմբերի 10-ին Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի առաջնորդների հրադադարի վերաբերյալ հայտարարությամբ: Հայկական կողմը վերադարձրել է բոլոր ռազմագերիներին։
Ինչպես ավելի վաղ գրել էր Արմինֆոն, "հայ գերիների ճակատագիրն Ադրբեջանում" քննարկումները նախաձեռնել էր ԵՄ-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար, Եվրախորհրդարանի անդամ Լուկաս Ֆուրլասը: Բանախոսներն էին Լուկաս Ֆուրլասը, Եվրախորհրդարանում Հարավային Կովկասի հետ հարաբերությունների հարցերով պատվիրակության ղեկավար Մարինա Կալյուրանդը, ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և Հայ դատի Եվրոպայի գրասենյակի գործադիր տնօրեն Հեղինե Էվինյանը: