Արմինֆո.Կանադայի իշխանությունները հետ են կանչել ավելի վաղ Թուրքիային կանադական սպառազինության եւ տեխնոլոգիաների արտահանման համար տրված թույլտվությունները, քանի որ ստացել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում դրանց կիրառման ապացույցներ: Այդ մասին ասվում Է Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գառնոյի հայտարարությունում։
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ անցած աշնանը, արտահանման վերահսկողության խիստ ռեժիմի համաձայն, Կանադայի կառավարությունը կասեցրել էր ռազմական ապրանքների եւ տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման թույլտվությունների տրամադրումը՝ սպասելով այն պնդումների հետաքննության արդյունքներին, թե՝ կանադական տեխնոլոգիաները օգտագործվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի ռազմական հակամարտության ժամանակ: Ընդ որում, նախարարն ընդգծել է, որ մանրակրկիտ վերլուծություն է իրականացվել Թուրքիայի համար նախատեսված ռազմական նշանակության բոլոր ապրանքների եւ տեխնոլոգիաների արտահանման կասեցված եւ գործող թույլտվությունների վերաբերյալ:
"Ստուգման ավարտից հետո, որի ընթացքում հայտնաբերվել են համոզիչ ապացույցներ այն մասին, որ Թուրքիա արտահանվող կանադական տեխնոլոգիաները օգտագործվել են Լեռնային Ղարաբաղում, ես այսօր հայտարարում եմ այն թույլտվությունների վերացման մասին, որոնց գործողությունը կասեցվել էր 2020 թվականի աշնանը։ Նման օգտագործումը չի համապատասխանում Կանադայի արտաքին քաղաքականությանը եւ դրանց վերջնական օգտագործման վերաբերյալ Թուրքիայի հավաստիացումներին",
ընդգծել է Գառնոն։
Նախարարը հավելել է, որ երկուշաբթի այդ իրադրությունը քննարկել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուի հետ, հայտարարելով, որ Կանադայի մտահոգություն պայմանավորված է ռազմական հակամարտություններում իր արտահանած տեխնոլոգիաների օգտագործմամբ, ինչը հակասում է երկրի օրենքներին: Նա նաեւ հույս է հայտնել, որ Կանադան եւ Թուրքիան, որոնք հանդիսանում են ՆԱՏՕ-ի երկրներ, կարող են ապագայում լուծել այս հարցը ։
Անցյալ տարվա աշնանը The Globe and Mail թերթը հաղորդել էր, որ Լեռնային Ղարաբաղի մարտական գործողություններում Ադրբեջանը կարող էր օգտագործել թուրքական անօդաչու թռչող սարքեր, որոնց վրա տեղադրված է կանադական ռազմական սարքավորումներ: Դրանից հետո Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր, որ երկրի իշխանությունները սկսել են հետաքննել ղարաբաղյան հակամարտությունում կանադական ռազմական սարքավորումների հնարավոր օգտագործումը: Այդ կապակցությամբ Օտավան կասեցրեցրել էր Անկարային զենքի մատակարարման բոլոր թույլտվությունների գործողությունը։ Այժմ հետաքննության ավարտից հետո դրանք բոլորը չեղարկվել են։