Արմինֆո. Հայաստանում ռազմական դրության ռեժիմի չեղարկման հարցը դրական լուծում չի ստացել ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի եզրակացություններում: Որոշման նախագիծը ներկայացրած "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը նշել է, որ փաստաթուղթը մշակվել է "Բարգավաճ Հայաստան" և "Լուսավոր Հայաստան" ընդդիմադիր խմբակցությունների համատեղ ջանքերով։
Նրա խոսքով, հաշվի առնելով հետպատերազմյան իրավիճակը՝ ժամանակի ընթացքում ռազմական դրության ռեժիմի կիրառումը նոնսենս է դառնում և ուղղված է երկրում քաղաքական զարգացումների սահմանափակմանը։
Ռեժիմի պահպանումը, պատգամավորի համոզմամբ, քաղաքական ենթատեքստ ունի։ Պատգամավորը հիշեցրել է, որ ռազմական դրության ռեժիմը մտցվել է Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայից հետո: Ռազմական գործողությունները դադարեցվել են անցյալ տարվա նոյեմբերի 10-ից՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հրապարակումից հետո: Այդ հայտարարության 3-րդ եւ 5-րդ կետերի համաձայն, կողմերի զինված ուժերի շփման գծում եւ Լաչինի միջանցքում մտցվել են Ռուսաստանի խաղաղապահ ուժեր, ուստի, ինչպես նշել է պատգամավորը, արտակարգ դրության ռեժիմի պահպանումը չի համապատասխանում ստեղծված իրավիճակին եւ խախտում է քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները: Գլխավոր շտաբի հայտարարությունը դարձել է երկրում ստեղծված ծանր իրավիճակի հերթական ապացույց։
Սակայն, ինչպես նշել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, չի բացառվում, որ իշխանության եւ ընդդիմության միջեւ փոխզիջման հիման վրա որոշում կայացվի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին, որոնց անցկացումը ռազմական դրության պայմաններում գրեթե անհնար է ։ Այդ պատճառով փոխզիջման հասնելու դեպքում երկրում ռազմական դրության ռեժիմը կչեղարկվի։ Այս կապակցությամբ, իշխանական պատգամավորը կոչ է արել սպասել այդ փոխզիջումային որոշմանը։
Համանման տեսակետ է հայտնել նաև պատգամավոր Հրանտ Խաչատրյանը, ում համոզմամբ, իշխանությունն՝ ինքը, կչեղարկի ռազմական դրության ռեժիմի գործողությունը՝ 7-10 օրվա ընթացքում։
Այդուհանդերձ, ընդդիմադիր խմբակցություններին հնարավորություն է ընձեռվել որոշման նախագիծը ներկայացնել Ազգային ժողովի լիագումար նիստում։