Արմինֆո.Մարտի 11-ին եւ 12-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցներ է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Քննարկվել են 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման գործնական ասպեկտները: Գոհունակությամբ արձանագրվել է, որ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է, իսկ տարածաշրջանում իրավիճակը մնում է, ընդհանուր առմամբ, կայուն եւ հանգիստ:
Իլհամ Ալիեւն ու Նիկոլ Փաշինյանը բարձր գնահատական են տվել շփման գծում եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործողություններին: Անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը վերաբերող հարցերին: Այս համատեքստում դրական առումով նշվել է աշխատանքային խմբի գործունեությունը ՝ երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ։
Կարծիքներ են փոխանակվել ռուս-ադրբեջանական եւ ռուս-հայկական համագործակցության արդիական հարցերի շուրջ: