Արմինֆո. Հայաստանում 44-օրյա պատերազմի արդյունքում Վրաստանի օրինակով ՆԱՏՕ-ի չափորոշիչների վրա կառուցված նոր բանակի ձևավորումը, ինչի մասին այսօր հաճախ է խոսվում, տեսանելի ապագայում քիչ հավանական է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Վրաստանի ռազմավարական վերլուծության կենտրոնի ավագ գիտաշխատող Գելա Վասաձեն։
<Դա քիչ հավանական է՝ հատկապես այն իրավիճակում, որտում այսօր հայտնվել է Հայաստանը ։ Հայաստանի Զինված ուժերի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին կարող է լինել միայն ՀԱՊԿ-ից եւ ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու դեպքում ։ Բայց դա հնարավոր չէ, սկզբունքորեն, մանավանդ Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազայի առկայության, Լեռնային Ղարաբաղում անվտանգության համակարգ ապահովող ռուս խաղաղապահների առկայության պայմաններում։ Կարեւոր է նաեւ ռուսական շուկային հայկական տնտեսության ինտեգրման բարձր մակարդակը>, - նշել է նա ։
Մեկնաբանելով ԱՄՆ-ի նախաձեռնությամբ Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի մասնակցությամբ նոր ռազմական դաշինքի ձեւավորման հեռանկարը՝վրաց փորձագետն ընդգծել է, որ նման, ոչ ստանդարտ լուծումներ ենթադրող դաշինքի ստեղծման համար Վաշինգտոնից կպահանջվի ոչ միայն նախաձեռնություն, այլեւ՝ լուրջ աջակցություն:
Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել էր ԱՄՆ-ի օգնությամբ Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի մասնակցությամբ եռակողմ ռազմական դաշինք ստեղծելու պլանների մասին:
Ըստ Վասաձեի ՝ գոյություն ունեցող պայմաններում նման դաշինքի ձեւավորումը, որպես դրա մասնակիցների ազգային անվտանգության ապահովման արդյունավետ գործիք, քիչ հավանական է ։ Ընդ որում, գաղափարը նա համարում է շատ հետաքրքիր եւ այս առումով քննարկման ենթակա՝ հեռավոր ապագայում հնարավոր իրականացման նպատակով:
<Իմ կարծիքով, այդ դաշինքը մեզ համար ՆԱՏՕ-ին փոխարինել չի կարող ։ Վրաստանի համար ՆԱՏՕ-ին անդամակցությունը կարող է փոխարինել բացառապես ԱՄՆ-ի հետ արտադաշինքային գործընկերությունը ։ Կարծում եմ, որ նման գաղափարով Վաշինգտոնը փորձում է նպաստել Սևծովյան ավազանում անվտանգության հետ կապված լուրջ խնդիրների լուծմանը ։ ԱՄՆ-ի անհանգստությունն ու նման նախաձեռնության առաջադրումը պայմանավորված է Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի հսկողությամբ ՝ Անկարայի հետ Վաշինգտոնի լուրջ խնդիրների ֆոնին ։ Եվ արդյոք այն կիրագործվի, իմ կարծիքով, կախված է Բայդենի վարչակազմի ՝ մեր տարածաշրջանի ուղղությամբ աշխատանքի արդյունավետության աստիճանից>, - ամփոփել է Վասաձեն ։