Արմինֆո. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը՝ առավել հայտնի ՀԸԳՀ-ն (CEPA) ավարտել է վավերացման գործընթացը․ համաձայնագիրը լիարժեքորեն ուժի մեջ կմտնի 2021-ի մարտի 1-ից։ Այս մասին ասվում է Հայաստանում ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ ։
ԵՄ-ում հիշեցրել են, որ ՀԸԳՀ-ն (CEPA) ստորագրվել է Հայաստանի և Եվրոպական միության կողմից 2017-ի նոյեմբերին։ Համաձայնագիրը ԵՄ-Հայաստան հարաբերությունները խորացնելու երկարաժամկետ հիմք է ապահովում, ամրապնդում է օրենքի գերակայությունն ու արդարադատության համակարգը, սատարում է պետական կառավարման բարեփոխումներն ու համագործակցությունն ամենատարբեր բնագավառներում, ինչպիսիք են էներգետիկան, տրանսպորտը, շրջակա միջավայրը։ Այն նաև ուղի է հարթում դեպի բարելավված գործարար միջավայր, առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ։
«Եվրոպական միությունը Հայաստանում ֆինանսական օգնության ամենամեծ դոնորն է, որի հիմնական նպատակն է բարելավել ՀՀ քաղաքացիների կենսապայմանները, հատկապես մարզերում։ Ամբողջական վավերացումը ստեղծում է էլ ավելի կուռ համագործակցության հիմք՝ աջակցելու Հայաստանի դիմակայմանն ու տնտեսական զարգացմանն այնպիսի ժամանակներում, երբ դա շատ անհրաժեշտ է»,- նշել է Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը։
<Այդ կապակցությամբ՝ շաբաթվա ողջ ընթացքում մենք ձեզ կպատմենք ՀԸԳՀ-ի (CEPA) շրջանակներում ԵՄ-Հայաստան հարաբերությունների որոշ ձեռքբերումների մասին>,- նշվում է ԵՄ պատվիրակության հայտարարության մեջ։