Արմինֆո. ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ, Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Մխիթար Հայրապետյանը հեռախոսազրույց է ունեցել գործընկերոջս՝ Իրան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Սեյեդ Մահդի Ֆարշադանի հետ։
<Շնորհավորելով Իսլամական հեղափոխության հաղթանակի 42-րդ տարեդարձի կապակցությամբ՝ լավագույն բարեմաղթանքներս եմ հղել Իրանի բարեկամ ժողովրդին։
Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության հետագա զարգացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցերի:
Առանձնահատուկ ընգծել եմ Հայաստանի և Իրանի միջև հաստատված դարավոր բարեկամական և փոխադարձ վստահության ու աջակցության, ինչպես նաև ամուր պատմական և մշակութային կապերի վրա հիմնված հարաբերությունների բարձր մակարդակը: Այս առումով երկուստեք կարևորվել է համագործակցությանը նոր թափ հաղորդելու և փոխադարձ այցելություններ կազմակերպելու անհրաժեշտությունը։
Պարոն Ֆարշադանը, արժևորելով Հայաստանի և Իրանի միջև առկա բազմաբնույթ համագործակցությունը և քաղաքական օրակարգի խթանումը, հայտնեց, որ ծրագրում է առաջիկայում պատվիրակությամբ այց կատարել Հայաստան՝ առավել հանգամանալից քննարկելու համագործակցության խորացման հեռանկարները>,-ֆեյսբուքի իր էջում հայտնել է Հայրապետյանը։