Արմինֆո. ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Հովհաննես Իգիթյանը հայտարարել է, որ ԵԽԽՎ բյուրոյի ներկայացուցիչները խոստացել են հատուկ զեկույցում բարձրացնել Ադրբեջանում հայ գերիների հարցը:
Մամուլի ասուլիսի ժամանակ պատգամավորը հայտարարել է, որ շփվել է ԵԽԽՎ բյուրոյի ներկայացուցիչների հետ, ովքեր նշել են, թե անհարմար են զգում, որ այդ կարևոր հարցը չի մտել օրակարգ: Ավելին, նույն հարցով խոստացել են զբաղվել նաև Եվրախորհրդարանի անդամները։
"Երբ նիստի օրակարգում ընդգրկվեց ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին վերաբերող հարցը, ես հանդես եկա հայտարարությամբ, նշելով, որ Նավալնին մենակ է։ Մինչդեռ, Ադրբեջանում են գտնվում տասնյակ հայ ռազմագերիներ, որոնց ճակատագիրն անհայտ է։ Ավելին, մենք, նույնիսկ, չգիտենք, թե արդյոք նրանք ողջ են։ Այդ պատճառով հարցը պետք է լինի ԵԽԽՎ-ի և այլ միջազգային կառույցների ուշադրության կենտրոնում", - նշել է պատգամավորը։
Իգիթյանը նաեւ նշել է, որ ԵԽԽՎ գրեթե բոլոր պատվիրակները հայ գերիների հարցում տրամադրված են Ադրբեջանի դեմ: Շատ ԵԽԽՎ անդամներ գտնում են, որ Բաքուն խախտել է միջազգային մի շարք պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են գերիներին: "Մենք շարունակելու ենք հայ գերիների հարցը պահել օրակարգում և մշտապես բարձրացնելու ենք այն բոլոր միջազգային հարթակներում: Նաեւ ուզում եմ տեղեկացնել, որ Եվրախորհրդարանը երկու բանաձեւ է ընդունել, որոնցում շոշափվում է Արցախի խնդիրը, մասնավորապես՝ մարդու իրավունքների հարցը", - եզրափակել է Իգիթյանը ։