Արմինֆո. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը նամակ է հղել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին:
Ինչպես հաղորդում է ՀՀ նախագահի աշխատակազմը, Չինաստանի նախագահն իր և իր տիկնոջ՝ Պեն Լիյուանի անունից շուտափույթ ապաքինում է մաղթել նախագահ Արմեն Սարգսյանին և տիկին Նունե Սարգսյանին:
Ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմը հաղորդել էր, որ նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու պատճառով մեկուսացման մեջ գտնվող նախագահ Արմեն Սարգսյանի մոտ հիվանդությունը բարդ ընթացք ունի, առկա են այդ վիճակին բնորոշ ախտանիշներ: «Նախագահ Սարգսյանը բժիշկների հսկողության տակ շարունակում է բուժման գործընթացը։ Միաժամանակ, ելնելով առողջական վիճակից, նախագահը հնարավորության սահմաններում աշխատում է և ժամանակավորապես շարունակելու է աշխատել հեռավար ռեժիմով: Վիճակի կայունացումից և բժիշկների թույլտվությունից անմիջապես հետո նախագահ Սարգսյանը կվերադառնա Երևան՝ իր պարտականությունների կատարմանը», - ասվում էր հաղորդագրությունում։