Արմինֆո. Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ողջունելով վարչապետ Փաշինյանին՝ Վլադիմիր Պուտինը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ արդեն մեր երկկողմ հանդիպման ընթացքում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ համաձայնեցիք այցելել Մոսկվա: Չնայած այն խնդիրներին, որոնք Դուք նշեցիք, որոնք դեռևս մնում են չլուծված, հույս ունեմ՝ կհաջողվի պայմանավորվել բոլոր խնդիրների շուրջ, այդ թվում՝ հումանիտար բնույթի: Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, հանդիպումն օգտակար էր նրանով, որ մենք կարողացանք կողմնորոշվել տարածաշրջանի ապագայի և տարածաշրջանում հարաբերությունների կառուցման շուրջ, իհարկե առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Ցանկանում եմ ընդգծել, որ մեր հարաբերություններն անկասկած եղել և շարունակում են մնալ դաշնակցային, մենք հանդիսանում ենք մտերիմ գործընկերներ բազմաթիվ միջազգային կազմակերպություններում:
Այսօր մենք շատ ենք խոսել նաև տնտեսության մասին: Այս կապակցությամբ ցանկանում եմ ընդգծել, որ չնայած դժվար նախորդ տարվան` 2020-ի հունվար-հոկտեմբեր ամիսներին, չնայած այդ բոլոր դժվարություններին, մենք ավելացրել ենք առևտրաշրջանառությունը գրեթե 4՝ 3,9 տոկոսով: Այս ամենը հիմք է տալիս, որ Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի կարգավորմամբ մենք կհանգենք լուծումների, որոնք կլինեն օգտակար հայ ժողովրդին, հայկական պետությանը և կլինեն ի օգուտ մեր երկկողմ հարաբերություններին»: