Արմինֆո. Հայաստանն այսօր գտնվում է խորը ճգնաժամի մեջ, եւ դրա համար պատասխանատվություն է կրում ոչ միայն Ադրբեջանը, այլև՝ Հայաստանի իշխանությունները։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ դեկտեմբերի 11-ին Sputnik-ում ղարաբաղյան հակամարտությանը նվիրված կլոր սեղանի ժամանակ:
Ռուս խորհրդարանականի կարծիքով, Հայաստանը ժամանակին սխալ է գործել՝ լիովին պատասխանատվություն ստանձնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ վարելու համար: Նրա խոսքով ՝ Լեռնային Ղարաբաղի մասնակցությամբ նախորդ ձեւաչափն ավելի տրամաբանական ու ընդունելի էր։ "Բայց դա, հավանաբար, տեղի ունեցավ այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի ղեկավարները դարձան Հայաստանի ղեկավարներ։ Նրանք գիտեին իրավիճակը և հույս ունեին, որ բարի կամք կդրսևորվի և կհաջողվի հասնել հակամարտության արագ կարգավորման։ Կարծես թե, դրան էին տանում բանակցությունները՝ ոչ միայն Ռուսաստանի, այլև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջնորդությամբ ։ Բայց դրան չհասան, և չհասան այն պատճառով, որ ժամանակի ընթացքում Ադրբեջանում գերիշխեցին ռևանշի տրամադրությունները, ցանկությունը՝ չփակելու պարտության խայտառակ էջը Լեռնային Ղարաբաղում և դրան հասնելու ոչ թե դիվանագիտական, այլ ուժային ճանապարհով։ Ահա այդ ձգտումն ավելի շատ ուժ էր հավաքում, հատկապես, իշխանափոխությունից հետո, Հեյդար Ալիևի հեռանալուց և նրա որդի Իլհամ Ալիևի գալուց հետո։ Այդ պահից պատերազմի շեփորները անընդհատ հնչում էին Բաքվում, եւ լարվածությունն անընդհատ աճում էր", - նշել է Զատուլինը։
Նրա համոզմամբ՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո դա պատշաճ կերպով հաշվի չի առնվել հայկական կողմում։ Նրա խոսքով, բացի այդ, նոր սխալներ են արվել այն մարդկանց ոչ բավարար փորձառության եւ կոմպետենտության պատճառով, որոնք եկել են ավելի փորձառու բանակցողների փոխարեն: "Ես նկատի ունեմ, կրկին ներքին հանգամանքների բերումով, Հայաստանի ղեկավար պարոն Փաշինյանի հայտարարություններն այն մասին, որ "Ղարաբաղը Հայաստանն եւ վերջ", տարբեր հրապարակային միջոցառումներ, որոնք կոչված էին հաստատելու դա։ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության կարգավիճակի ցուցադրաբար նսեմացումը, որին փորձում էին հասցնել Հայաստանի մարզերից մեկի մարզպետի մակարդակի։ Հենց այդպես էլ հայտարարում էին Հայաստանի վարչապետի որոշ համախոհներ։ Այս ամենը արդյունքում իր դերն ունեցավ", - ասել է ռուս պատգամավորը։
Միևնույն ժամանակ, նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ այստեղ կարևոր դեր է խաղացել նաև Թուրքիայի և Ադրբեջանի կամքը՝ ուժով լուծելու այդ հարցը։ Զատուլինն ընդգծել է, որ հենց նրանք են գլխավոր պատասխանատվությունը կրում տեղի ունեցածի համար: "Ամենակարևորն այն է՝ նախօրեին տեղի ունեցած զորահանդեսից հետո, որ պայմանավորվածությունները խախտողը դարձել է շահառու այդ գոտեմարտում։ Դա շատ ծանր դաս է, շատ վատ օրինակ է ընդօրինակման համար, քանի որ այն կարող է կիրառվել տարբեր կողմերից եւ սեփական մեկնաբանությամբ", - ասել է Զատուլինը։
Նա ընդգծել է, թե շարունակում է կարծել, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, Արցախի Հանրապետությունը, թեկուզև չճանաչված, ինքնորոշման իրավունք ունի։ Նրա խոսքով, առավել եւս, որ ԽՍՀՄ փլուզման պահին, փաստորեն, Ադրբեջանն արդեն չուներ վերահսկողություն Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, եւ ԱՀ ճանաչումը Ադրբեջանական ԽՍՀ սահմաններում հապճեպ եւ պայմանական էր, քանի որ արդեն չէր համապատասխանում իրավիճակին գետնի վրա:
"Եվ այդ զորահանդեսը Բաքվում վիրավորանք եւ նվաստացման փորձ էր ոչ միայն Հայաստանի ու հայերի, այլև նրա դաշնակից Ռուսաստանի համար։ Այն ամենը, ինչ հնչել է այդ շքերթում, ֆաշիզմի դեմ պայքարի եւ Ղարաբաղում մարտերի միջեւ զուգահեռներ անցկացնելու փորձերը սրբապղծություն եւ կեղծիք են, եւ արժանի են ամեն տեսակի դատապարտման", - ընդգծել է Զատուլինը։ Ընդ որում, նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանում հասկանում են, որ այդ համաձայնագրի ստորագրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորում չէ, քանի որ այնտեղ ոչինչ չի ասվում Լեռնային Ղարաբաղի մի մասի կարգավիճակի մասին: "Դա հետագա բանակցությունների հարց է, եւ ես կտրականապես դեմ եմ, որպեսզի դրանք ընթանան ուժի դիրքերից, ուժի դիրքորոշման շքերթը ճանապարհ է դեպի ոչ մի տեղ", - ամփոփել է Զատուլինը: