Արմինֆո. Արամ Ա կաթողիկոսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կոչ է արել հրաժարական տալ։
<Հայ ժողովուրդը խոր տագնապի մէջ է. պարտուած ըլլալու հոգեվիճակը զինք անորոշութեան ու յուսահատութեան մատնած է։ Արդարեւ, մեր զաւակներու արիւնով կերտուած ու ծաղկած Արցախին մեծ մասը կորսնցուցինք՝ հակառակ մեր հերոս բանակին ցուցաբերած քաջ դիմադրութեան թուրք-ազերիական բանակին դէմ։ Կորսնցուցինք նաեւ մեր ազգային արժանապատուութիւնը ու հպարտութիւնը։ Ունեցանք մեծաթիւ զոհեր, գերիներ, վիրաւորներ եւ գաղթականներ։ Երկրագունդի տարածքին չկայ հայ մը, որ ազգին մեծ կորուստին տառապանքը չ’ապրիր։ Այս ահաւոր ողբերգութեան մասին ժողովուրդը համապարփակ ու յստակ հաշուետուութիւն կը պահանջէ։
Կը գտնուինք անորոշութեան դիմաց։ Մեր ժողովուրդի զաւակները Հայաստանի, Արցախի եւ Սփիւռքի մէջ իրենց արդար բողոքն ու ընդվզումը կ’արտայայտեն՝ Հայաստանի ու Ազրպէյճանի միջեւ ստորագրուած համաձայնութեան այնպիսի փաստաթուղթի մը նկատմամբ, որ Արցախի կողքին նաեւ կը վտանգէ Հայաստանի հողային ամբողջականութիւնը, անվտանգութիւնը ու անկախութիւնը։ Փաստօրէն, Հայաստանը կը նմանի ահաւոր փոթորիկի մատնուած անղեկ նաւու։
Ճակատագրական այս պայմաններուն մէջ, մեր ժողովուրդին միասնականութիւնը աւելի քան հրամայական է։ Հեռու պէտք է մնանք բեւեռացումներ յառաջացնող, պառակտումներ ստեղծող, անհանդուրժողութեան ոգին սերմանող մօտեցումներէ ու արարքներէ։ Մեր ժողովուրդին ներքին միասնականութիւնը ու հաւաքական կամքը երաշխիք պէտք է դառնան վաղուան հզօր Հայաստանին ու Արցախին։ Մեր ժողովուրդին հաւաքական կամքը, մեր ժողովուրդին ու հայրենիքին ընդհանրական ու գերագոյն շահերը պէտք է մնան գերիվեր ամէն տեսակ նկատումներէ եւ դառնան ճշդորոշիչ մեր մտածումներուն, որոշումներուն ու գործերուն։
Ա՛յս սկզբունքներէն ու յանձնառութենէն մղուած, շուրջ երկու տարիներ առաջ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեան ստանձնեց Հայաստանի իշխանութեան ղեկը։ Ներկայ ճգնաժամային պայմաններուն մէջ, կոչ կ’ուղղենք, որ նո՛յն սկզբունքներէն ու յանձնառութենէն մեկնած, վարչապետ Նիկոլ Փաշինեան որոշէ հրաժարիլ վարչապետութենէն՝ առիթ տալով Ազգային Ժողովին, սահմանադրական կարգն ու գործընթացը յարգելով՝ նոր վարչապետ ընտրելու։ Մեր սպասումն է, որ ընտրուելիք նոր վարչապետին գլխաւորութեամբ կազմուելիք համաձայնական անցումային կառավարութիւնը առաջնահերթ նկատէ Ազգային Ժողովի արտահերթ ընտրութիւններու շուտափոյթ կազմակերպումը։
Կ’աղօթենք առ բարձրեալն Աստուած, որ Իր երկնային թագաւորութեան մէջ ընդունի մեր նահատակները, վիրաւորներուն շուտափոյթ ապաքինում, գերիներուն վերադարձ ու սգաւոր ընտանիքներուն մխիթարութիւն պարգեւէ, եւ մեր ազգն ու հայրենիքը հեռու պահէ ամէն տեսակ չարէ ու չարիքներէ>,- ասված է կոչում։
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի կոչով հանդես է եկել նաև Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ով ընդգծել է, որ Հայ Առաքելական եկեղեցին խնդրում է վարչապետին հեռանալ:
Նշենք, որ Երեւանի ժամանակով 12: 00-ին լրացել է վերջնագրի ժամկետը, որը ընդդիմությունը տվել է ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա ինքնակամ եւ անարյուն հանձնի իշխանությունը եւ հրաժարական տա: Ընդդիմադիր ուժերը ներկայացրել են ՀՀ միասնական վարչապետին ՝ ի դեմս Վազգեն Մանուկյանի, ով կձևավորի ժամանակավոր կառավարություն, որը կզբաղվի նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմում կապիտուլյացիայի մասին տխրահռչակ փաստաթղթի ստորագրումից հետո ստեղծված ճգնաժամից երկրի դուրս բերմամբ ։ Մանուկյանը նաև պարտավորվում է տարվա ընթացքում կազմակերպել խորհրդարանական ընտրություններ, որոնց նա և իր թիմը չեն մասնակցի ։
Եվ քանի որ Հայաստանի վարչապետը չի պատրաստվում հրաժարական տալ, ընդդիմությունը նախատեսել է անհնազանդության ակցիաներ ՝ փողոցները փակելու տեսքով, որպեսզի կաթվածահար անի երթևեկությունը, ոնդ որում՝ ոչ միայն Երեւանում, այլեւ Հայաստանի բոլոր մարզերում ։ Այս պահին Երևանում կոլապս է առաջացել։ Ընդդիմության ներկայացուցիչներն արգելափակել են քաղաքի բոլոր խոշոր տրանսպորտային մայրուղիները ։ Այսօր ընդդիմադիր կուսակցությունները ձգտում են Փաշինյանի հեռացմանը իր իսկ մեթոդներով, որոնց նա դիմեց 2.5 տարի առաջ։