Արմինֆո. Ֆրանսիայի Ազգային ժողովն այսօր՝ Արցախի Հանրապետության ճանաչման վերաբերյալ Ֆրանսիայի Սենատի ընդունած պատմական որոշումից մեկ շաբաթ անց, 188 կողմ և 3 դեմ ձայնով ընդունել է բանաձև, որտեղ ընդգծվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հրատապ անհրաժեշտությունը։
Ինչպես հայտնում է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը, բանաձևում նաև արձանագրվում են Ադրբեջանի կողմից ռազմական ճանապարհով խաղաղության գործընթացը ձախողելու և Լեռնային Ղարաբաղում Թուրքիայի աջակցությամբ ահաբեկչական խմբավորումների վարձկանների տեղակայման փաստերը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն կողմ էր քվեարկել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչմանը: Բանաձեւը խորհրդատվական բնույթ է կրում, եւ այդ հարցում վերջին խոսքը պատկանում է Ֆրանսիայի Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությանը եւ կառավարությանը:
Դեկտեմբերի 2-ին Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին բանաձեւի նախագծին: Հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի ագրեսիան Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որին ակտիվորեն աջակցում էին Թուրքիան եւ օտարերկրյա վարձկանները: Բանաձեւը կոչ է անում դուրս բերել ադրբեջանական զորքերը Լեռնային Ղարաբաղից եւ վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում տարածաշրջանի կարգավիճակի շուրջ բանակցություններին: Այս բանաձևը կներկայացվի Բելգիայի Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստին։