Արմինֆո. Հայաստանում արտահերթ ընտրություններ հնարավոր կլինի անցկացնել միայն այն բանից հետո, երբ երկրում հանդարտվի կրքերի բորբոքումը։ ԱրմԻնֆո-ին այմդպիսի կարծիք է հայտնել "Քաղաքացու որոշում" սոցիալ-դեմոկրատական կուսակցության քարտուղար Սուրեն Սահակյանը։
"Որպեսզի կրքերը հանդարտվեն, անհրաժեշտ է ժամանակավոր վարչապետ՝ իր ժամանակավոր թիմով։ Այդ մարդիկ պետք է երկրում իրականացնեն քաղաքական, դատական համակարգի բարեփոխում։ Իրականացնել սահմանադրական բարեփոխումների ներառական նախագիծ, բարեփոխել Ընտրական օրենսգիրքը։ Ասել է թե՝ հանդարտեցնել իրավիճակը՝ պայմաններ ստեղծելով նորմալ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար", - ընդգծել է նա։
Նման բարեփոխումներ, ըստ կուսակցության տեսլականի, կարող է իրականացնել միայն հասարակության համար ընդունելի վարչապետը։ Մարդ, ով պատրաստ է ինչպես անձնական, այնպես էլ ինստիտուցիոնալ մակարդակով հրաժարվել մասնակցել հաջորդ ընտրություններին։ Սահակյանը համոզված է, որ բարեփոխիչների թիմը ոչ մի կերպ չպետք է մասնակցի ընտրություններին, որոնք անցկացվելու են այդ բարեփոխումների հիման վրա եւ դրանց արդյունքում:
Երկրի պետական կառավարման համակարգի ներկայիս վիճակը Սահակյանը գնահատում է որպես կաթվածահար և սեփական գործառույթներն իրականացնելու անկարող: Եվ պետական ապարատի նման անգործությունը մտահոգիչ է ։ Հատկապես՝ Հայաստանի առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերների պայմաններում, որոնց թվում՝ ներքաղաքական ճգնաժամը, հնարավոր է, ամենաանվնասն է։
Սահակյանը համոզված է, որ այս լույսի ներքո, պետական կառավարման համակարգը պետք է գործի լծվի եւ աշխատի արդեն գոյություն ունեցող եւ հասունացող տնտեսական, սոցիալական եւ ժողովրդագրական ճգնաժամերը հաղթահարելու եւ կանխելու ուղղությամբ: Քաղաքական գործիչը համոզված է, որ իշխող ուժին անհրաժեշտ է կամ գործի լծվել, կամ թույլ տալ այդ գործն անել նրանց, ովքեր դա ցանկանում են և կարող են անել ։ "Ի վերջո, պետք է գիտակցել, որ խոսքը մարդկային ճակատագրերի հետ անմիջական առնչություն ունեցող հարցերի մասին է", - ընդգծել է նա:
"Նիկոլ Փաշինյանի աթոռը պահելու պայմաններում այս բոլոր բարեփոխումներն իրականացնել հնարավոր է, բայց՝ դժվար։ Նրա վարչապետությամբ պայմանավորված ՝ ներքաղաքական ճգնաժամի շարունակականության պայմաններում այդ բարեփոխումները կխոչընդոտվեն եւ կարգելակվեն։ Ընդ որում, պետք է արձանագրել, որ Փաշինյանի վստահության անձնական պաշար անգամ այսօր Հայաստանում ոչ ոք չունի։ Ինչպես նաեւ՝ նրա վարչապետության շարունակման համընդհանուր համաձայնության բացակայություն", - ամփոփել է քաղաքական գործիչը ։