Արմինֆո. Ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներն այսօր հերթական երթն են անցկացրել դեպի ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատներ ՝ ի պաշտպանություն անհայտ կորած և գերեվարված զինծառայողների ծնողների: Այսօր երթը շարժվել է դեպի Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն։ Երեկ մտավորականության ներկայացուցիչները երթ էին կազմակերպել դեպի Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Վաղը երթ կկազմակերպվի դեպի ԱՄՆ դեսպանատուն։
Հայտնի դերասան Աշոտ Ղազարյանը նշել է, որ ցանկանում է իր լուման ներդնել հայ ռազմագերիների վերադարձման գործում: Նա ընդգծել է, որ ակցիաներին պետք չէ քաղաքական բնույթ հաղորդել։ "Հիմա կորած զինծառայողների ծնողները հուսահատության մեջ են, նրանք չգիտեն՝ արդյոք կենդանի են իրենց զավակները։ Միջազգային հանրությունը պետք է օգնի մեզ գտնել եւ տուն վերադարձնել հայ ռազմագերիներին", - նշել է Ղազարյանը։
Իր հերթին՝ դերասան Հրանտ Թոխատյանը հաղորդել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների դեսպանատների ներկայացուցիչներին կհանձնվեն նամակներ, որոնցում Հայաստանի մտավորականները աջակցություն են խնդրում:
Թոխատյանը նաեւ տեղեկացրել է, որ սփյուռքահայերը սկսել են նամակներ ուղարկել իրենց երկրների համապատասխան գերատեսչություններ, որպեսզի վերջիններս ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա և օգնեն հայ ռազմագերիներին տուն վերադարձնել: