Արմինֆո. ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզաբանում է ներկայացրել օրերս մամուլի ասուլիսում Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի առնչությամբ:
«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ օրեր առաջ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կողմից հնչեցված մտքերի վերաբերյալ տարբեր լրատվամիջոցներից ստացվում են բազմաթիվ հարցումներ՝ նպատակահարմար է համարում պարզաբանել հետևյալը.
Հիշյալ ասուլիսի ընթացքում արված հայտարարությունների հավաստիության վերաբերյալ տեղեկություններ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում առկա չեն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ տվյալ ասուլիսի ընթացքում ներկայացված դիտարկումների կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը 2020 թվականի նոյեմբերի 25-ին դիմել է ՀՀ դատախազություն:
Ավելին, ՀՀ ազգային անվտանգության մարմինների գործառույթների վերաբերյալ յուրովի պատկերացումներ ունեցող, վերջիններիս լիազորությունների շրջանակներում ստացված տեղեկություններին հասկանալի պատճառներով չտիրապետող անհատներին և կազմակերություններին հորդորում ենք զերծ մնալ հանրությանը մոլորության մեջ գցող, ներքին լարվածություն հրահրող, ինչպես նաև պետական կառույցի հեղինակությունը խաթարող հրապարակումներից:
Այս ամենով հանդերձ իրազեկում ենք նաև, որ ՀՀ ազգային անվտանգության մարմինների և պաշտոնատար անձանց վերաբերյալ ապատեղեկատվություն և զրպարտչական բնույթի կեղծ լուրեր տարածելու գործելաոճը շարունակելու դեպքում կնախաձեռնվեն համապատասխան իրավական գործընթացներ», - ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում: