Արմինֆո. 27.09.2020թ. վաղ առավոտյան Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախաձեռնված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում գերության մեջ հայտնված զինվորական ծառայողների և ձերբակալված քաղաքացիական անձանց իրավունքների պաշտպանության գործով Եվրոպական դատարանը 23.11.2020թ․-ին և 27.11.2020թ․-ին բավարարել է մեր դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց։ Այդ մասին հաղորդել է արդարադատության նախկին նախարար, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
«Գերության մեջ հայտնված անձինք են՝ Վահե Առաքելյանը, Հայկ Արևշատյանը, Մելքոն Հովհաննիսյանը, Արտակ Ստեփանյանը, Նաիրի Ղուկասյանը, և Էրիկ Խաչատրյանը, Ռոբերտ Վարդանյանը, Նարեկ Սիրունյանը, Կարեն Մանուկյանը, Արայիկ Գալստյանը։
Ձերբակալված քաղաքացիական անձինք են Ջոնիկ Թևոսյանը, Էդվարդ և Արեգա Շահգելդյանները:
Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ: Դատարանը պահանջվող տեղեկությունը տրամադրելու համար, համապատասխանաբար, ժամկետ է սահմանել մինչև 30.11.2020թ և 04.12.2020թ», - գրել է իրավապաշտպանը: