Արմինֆո. Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հացադուլ է հայտարարել։ Այդ մասին Բալայանը հաղորդել է լրագրողների հետ զրույցում։ Բալայանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է սահմանադրական կարգը տապալելու համար։
"Եռակողմ համաձայնագիրը սահմանադրական կարգի խախտում է ։ Ի սկզբանե՝ այդ փաստաթուղթը պետք է ներկայացվեր Սահմանադրական դատարան, որից հետո ՍԴ-ն պետք է եզրակացություն տար, թե արդյոք այդ համաձայնագիրը համապատասխանում է Սահմանադրությանը։ Դրանից հետո այդ համաձայնագիրը պետք է վավերացներ Ազգային ժողովը։ Ես նույնպես պահանջում եմ Փաշինյանի հրաժարականը", - հայտարարել է Բալայանը, հավելելով, որ մտադիր է շարունակել հացադուլը այնքան ժամանակ, քանի դեռ իր պահանջը լսելի չէ։
"Հիմա մեր ժողովուրդը շատ բարդ վիճակում է։ Բազմաթիվ ընտանիքներ կորցրել են իրենց զավակներին, հայրերին, եղբայրներին։ Բայց հիմա մենք պետք է մտածենք, թե որոնք են լինելու մեր հաջորդ քայլերը։ Իշխանությունը պետք է գիտակցի, որ իրեն ընտրած ժողովուրդն այլևս չի ուզում, որ նա երկիրը ղեկավարի։ Հակառակ դեպքում, եթե իշխանության ներկայացուցիչները չգնան, մենք կշարունակենք պարտություններ կրել", - եզրափակել է Բալայանը։
Հիշեցնենք, որ երեկ անժամկետ հացադուլ էր սկսել ՀՅԴ անդամ, հայտնի հեռուստահաղորդավար, "Երկիր Մեդիա" հեռուստաընկերության լրատվական բաժնի ղեկավար, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Գեղամ Մանուկյանը, որը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսօր Մանուկյանը Բալայանին կոչ է արել հրաժարվել հացադուլից՝ տարիքի պատճառով:
Հավելենք, որ Կիմ Բալայանը դատավոր Դավիթ Բալայանի, Նիդերլանդներում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանի եւ օրերս հրաժարական տված պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի հայրն է: