Արմինֆո. Ժնեւում Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ հանդիպման ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հետեւյալ համատեղ հայտարարությամբ:
<Հոկտեմբերի 30-ին համանախագահները Ժնևում առանձին-առանձին և համատեղ հանդիպել են ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Նրանք նաև խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և ԿԽՄԿ նախագահ Պիտեր Մաուրերի հետ:
Համանախագահները վերահաստատեցին իրենց կոչը կողմերին ամբողջությամբ կատարելու իրենց պարտավորությունները՝ ներառյալ հումանիտար հրադադարի անհապաղ հաստատումը` համահունչ հոկտեմբերի 10-ին Մոսկվայի համատեղ հայտարարությանը, որը կողմերը հաստատեցին Փարիզում հոկտեմբերի 17-ին և հոկտեմբերի 25-ին Վաշինգտոնում:
Հրադադարի ռեժիմի կամ այլ պարտավորությունների կատարմանը վնաս չհասցնելով՝ կողմերը պայմանավորվեցին անհապաղ ձեռնարկել մի շարք այլ քայլեր, այդ թվում.
- Կողմերը կանխամտածված չեն թիրախավորելու խաղաղ բնակչության կամ ոչ ռազմական թիրախները՝ համաձայն միջազգային մարդասիրական իրավունքի,
- Կողմերն ակտիվորեն մասնակցելու են ռազմաճակատում աճյունների դուրսբերմանը և փոխանակմանը՝ ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին տրամադրելով աջակցության համար անհրաժեշտ անվտանգության երաշխիքները,
- Կողմերը մեկ շաբաթվա ընթացքում ԿԽՄԿ-ին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչին կփոխանցեն ներկայումս պահվող ռազմագերիների ցուցակը` հասանելիության և հնարավոր փոխանակման նպատակներով,
- Կողմերը գրավոր կներկայացնեն մեկնաբանություններ և հարցեր հրադադարի ռեժիմի հսկման հնարավոր մեխանիզմների վերաբերյալ` համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 2-րդ կետի:
- Կողմերը բաց և առարկայական մտքերի փոխանակություն իրականացրեցին՝ նպատակ ունենալով հստակեցնել իրենց բանակցային դիրքերը համապարփակ լուծման առանցքային տարրերի վերաբերյալ՝ համաձայն հոկտեմբերի 10-ի համատեղ հայտարարության 3-րդ կետի: Համանախագահները կշարունակեն ինտենսիվ աշխատել կողմերի հետ` հակամարտության խաղաղ լուծումը գտնելու համար: