Արմինֆո. <Ադրբեջանն Արցախը ցանկանում է առանց իր բնիկ ժողովրդի: Արցախի հայ բնակչության գոյությունը հնարավոր չէ Ադրբեջանի իրավասության, ենթակայության ներքո>։
Այս մասին հոկտեմբերի 29-ին կայացած ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով ԱրմԻնֆո-ի թղթակցի խնդրանքին ՝ մեկնաբանել նախագահ Ալիեւի պնդումները, թե <ադրբեջանցիներն ու այդ երկրի իշխանությունը կարող են ապրել Արցախի հետ համատեղ ու շենացնել տարածքը>, հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:
Նա նշել է, որ Արցախի դեմ լայնամասշտաբ ագրեսիայի առաջին իսկ օրվանից Ադրբեջանի գործողություններն ուղեկցվել են պատերազմական կանոնների եւ միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումներով, որոնք ի պատասխան Ադրբեջանի նախագահի այս հայտարարության առավել քան խոսուն են: Նաղդալյանը հիշեցրել է մարդասիրական այն կոպտագույն խախտումների մասին, որոնք իրականացնում է Ադրբեջանը՝ մինչև անգամ բուժհիմնարկներ թիրախավորելով, ու այն էլ՝ համավարակի օրերին: <Մասնավորապես, խաղաղ բնակավայրերի հրետակոծումն իրականացվել է կասետային միջոցներով, որոնց հիմնական նպատակն է առավել մեծ վնաս հասցնել առաջնագծից հեռու գտնվող կանանց և երեխաներին>,- ասել է նա։
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը նշել է, որ Ժնեւյան կոնվենցիայի ակնհայտ խախտմամբ դեպքեր են արձանագրվել նաեւ Հադրութի շրջանում, երբ մենք տեսել ենք գերեվարված անձանց նկատմամբ հաշվեհարդարի իրականացումը, որոնցից մեկը տարեց Արցախի քաղաքացի էր: <Այս ամենը տեսագրվել եւ սոցցանցերում տարածվել է հենց ադրբեջանական կողմից, որոնք արժանացել են ադրբեջանական հանրության լայն գովասանքին եւ հպարտության առարկա են դարձել: Ադրբեջանի զինված ուժերը հիմնովին ավերում են ժամանակավորապես իրենց վերահսկողության ներքո անցած բնակավայրերերը, ինչի նպատակն է հետագայում կանխարգելել բնիկ ժողովրդի վերադարձը>,- ասել է նա։
<Պատերազմական կանոնների պահպանումը, մարտական գործողություններում իրականացվող քայլերով և խաղաղ բնակչության հանդեպ դրսևորված հարգանքով է, որ կանոնավոր բանակը տարբերվում է ահաբեկչական խմբավորումից, իսկ պետությունը տարբերվում է ահաբեկչական կազմակերպությունից: Ակնհայտ և միտումնավոր կերպով խախտելով պատերազմական կանոնները և միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանում խրախուսելով ու հպարտության առարկա դարձնելով ռազմական հանցագործությունը՝ Ադրբեջանի իշխանությունն իր վրա է վերցնում այս բոլոր գործողությունների կարճաժամկետ և երկարաժամկետ հետևանքները>,- հավելել է մամուլի խոսնակը: