Արմինֆո. Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման Թեհրանի ծրագիրը հիմնված է հումանիտար սկզբունքների եւ կողմերի պահանջների վրա: Այս մասին այսօր հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության հատուկ դեսպանորդ, ԱԳ փոխնախարար Աբաս Արաքչին՝ Մոսկվա ժամանելուն պես։
"ԵԱՀԿ անդամ երկրների խումբը վերջին 30 տարիների ընթացքում չկարողացավ լուծել Ադրբեջանի և Հայաստանի միջև ծագած վեճերը, իսկ Իրանի Իսլամական Հանրապետությունը փորձում է վերջ դնել Բաքվի և Երևանի միջև ծագած վեճին տարածաշրջանային համագործակցության միջոցով, ինչը բարդ խնդիր է", - ասել է նա:
Արաքչին հայտարարել է, թե "այդ խմբի որոշ երկրներ, ընդհանրապես, տարածաշրջանից դուրս են եւ ոչ մի կապ չունեն այդ ճգնաժամի հետ, եւ այդ խմբի անարդյունավետությունն ապացուցված է՝ գործնականում։
ԵԱՀԿ օտարերկրյա խաղացողները (ԱՄՆ եւ Ֆրանսիա, -խմբ.) հեռու են տարածաշրջանից ոչ միայն
քաղաքականապես, այլեւ էմոցիոնալ, եւ բարոյապես կապված չեն տարածաշրջանի հետ եւ
Լեռնային Ղարաբաղում խաղաղության չեն ձգտում։ "Մենք տարածաշրջանային մոտեցում ենք առաջարկել այն երկրներից, որոնք առանցքային դեր են խաղում, եւ դրա համար Ռուսաստանը տարածաշրջանում կարեւոր երկրներից մեկն է", - նշել է նա:
"Իրանի Իսլամական Հանրապետության առաջարկը հիմնված է հումանիտար սկզբունքների վրա, ներառյալ հրադադարի հաստատումը, բնակելի եւ քաղաքացիական շրջանների վրա հարձակումների դադարեցումը եւ տեղահանված անձանց իրենց տները վերադարձնելը", - եզրափակել է նա, հաղորդում է ԻՌՆԱ-ն:
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման Իրանի նախաձեռնությունն առաջ մղելու համար ԱԳ փոխնախարարի այցն Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան եւ Թուրքիա սկսվել է Բաքվից եւ կավարտվի Ռուսաստանում, ինչպես նաեւ Երեւանում եւ Անկարայում պաշտոնատար անձանց հետ խորհրդատվություններից հետո: