Արմինֆո. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի եւ արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանի հետ: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ըստ աղբյուրի, զրույցի ընթացքում նախարարները հանգամանալից քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի զարգացումը, լուրջ մտահոգություն հայտնել չդադարող լայնածավալ ռազմական գործողությունների կապակցությամբ և հակամարտող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջական հրադադարի և լարվածության թուլացման: Ընդգծվել է հակամարտության դիվանագիտական լուծման անայլընտրանքայնությունը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետագա համաձայնեցված գործողությունների անհրաժեշտությունը: Դիտարկվել են իրավիճակի հետագա զարգացման հնարավոր սցենարները։ Լավրովը եւ Լե Դրիանը հատուկ կարեւորել են հակամարտող կողմերի կողմից ռազմական գործողությունների դադարեցման քաղաքական կամքի դրսեւորումը:
Նախարարները քննարկել են նաև երկկողմ օրակարգի մի շարք արդիական հարցեր: Շեշտը դրվել է իրավապահ գերատեսչությունների գծով փոխգործակցությունը զարգացնելու անհրաժեշտության վրա, այդ թվում ՝ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Դարմանենի Ռուսաստան հնարավոր այցի համատեքստում՝ քննարկելու ահաբեկչության եւ ծայրահեղական գաղափարախոսության հակազդեցության հետ կապված հարցերի լայն շրջանակ: