Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներից պահանջել է կատարել մարտական գործողությունների դադարեցման գծով իրենց պարտավորությունները: Այդ մասին ասվում է ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության մամուլի քարտուղար Մորգան Օրտագուսի հաղորդագրության մեջ, որը զետեղված է Պետդեպարտամենտի կայքում։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, պետքարտուղար Մայք Պոմպեոն առանձին զրուցել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Պետքարտուղար Պոմպեոն ղեկավարներից պահանջել է կատարել մարտական գործողությունների դադարեցման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության դիվանագիտական լուծման որոնման գծով իրենց պարտավորությունները: Նա նշել է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի։
Պետքարտուղարն ընդգծել է հոկտեմբերի 10-ին Մոսկվայում համաձայնեցված եւ հոկտեմբերի 17-ի հայտարարության մեջ հաստատված հրադադարի մասին համաձայնագրի ամբողջական կատարման կարեւորությունը՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի, Էմանուել Մակրոնի եւ Վլադիմիր Պուտինի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի համատեղ հայտարարությանը համապատասխան: