Արմինֆո. Իրանի փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին կայցելի Բաքու և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունները կքննարկի Ադրբեջանի հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Ինչպես Twitter-ի իր միկրոբլոգում հաղորդել Է Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին, Արաքչին, որպես ԻԻՀ նախագահի հատուկ դեսպանորդ, Բաքու կժամանի արդեն այսօր երեկոյան: Դեսպանը հավելել է, որ Արաքչիի գլխավորած պատվիրակությունը նախատեսում է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանում շարունակվող հակամարտությունները, ինչպես նաեւ հակամարտության կարգավորման Իրանի նախաձեռնությունը:
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն տեղեկացրել էր, որ Իրանի նախագահի հատուկ դեսպանորդ Աբբաս Արաքչին կայցելի Մոսկվա, Բաքու, Երեւան եւ Անկարա' ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:
Հարկ է նաեւ նշել, որ ԻԻՀ ՀՕՊ ուժերի շտաբի պետ, գեներալ Մուսավին տեղեկացրել է, որ ԻԻՀ-ն ուժեղացրել է հյուսիս-արևմտյան սահմանների հակաօդային պաշտպանությունը՝ ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների ֆվոնին: Մուսավին ընդգծել է Իրանի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության պաշտպանության կարևորությունը։ "Անհրաժեշտության դեպքում սահման լրացուցիչ ուժեր կուղարկվեն։ Մեզ համար գլխավորը բնակչության անվտանգությունն է։ Մենք չենք հանդուրժի որևէ ոտնձգություն մեր սահմանների նկատմամբ", - ասել Է գեներալը, ընդգծելով, որ երկրները պետք է հարգեն իրենց հարևանների տարածքային ամբողջականությունը և սեփական սահմանների պաշտպանության իրավունքը։
Ավելի վաղ ԻՀՊԿ-ի ցամաքային զորքերը տեղակայվել էին Ադրբեջանի եւ Հայաստանի հետ սահմանակից քաղաքներում, որպեսզի երաշխավորեն սահմանամերձ քաղաքներում բնակվող իրանցիների անվտանգությունը: