Արմինֆո. Հայկական կողմը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը: Այս մասին Facebook - ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ։
<Ինչպես եւ համաձայնեցվել է երեկ Վաշինգտոնում, ԱՄՆ միջնորդությամբ, հայկական կողմը ժամը 08.00-ից լիարժեք կպահպանի հրադադարի ռեժիմը>,- գրել է նա։
Մարդասիրական հրադադարը պահպանելու պատրաստակամության մասին հայտարարել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։ <Ողջունում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջնորդությամբ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, որը հաստատում է հոկտեմբերի 10-ին և 17-ին Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի Հանրապետության նախագահների նախաձեռնությամբ համաձայնեցված մարդասիրական հրադադարի իրականացման վերաբերյալ կողմերի հանձնառությունները։ Արցախի Հանրապետությունը՝ որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կողմ, հաստատում է իր պատրաստակամությունը՝ փոխադարձ հիմունքներով պահպանելու մարդասիրական հրադադարի պայմանները, որն ուժի մեջ կմտնի 2020 թ. հոկտեմբերի 26-ին, 08:00-ին>,- Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։
Հրադադարի ձեռքբերման առթիվ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին շնորհավորել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ <Շնորհավորում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որոնք քիչ առաջ համաձայնեցին հավատարիմ մնալ կեսգիշերին ձեռք բերված հրադադարի ռեժիմի պայմանավորվածությանը: Բազմաթիվ կյանքեր կփրկվեն>,-գրել է Թրամփը: