Արմինֆո. Ֆրանսիացի խորհրդարանականների այցը Հայաստան մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի ծառայությունից, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ եւ հարգանքի տուրք մատուցել Սուրբ նահատակների հիշատակին:
Ֆրանսահայ պատգամավոր Գիյոմ Կասբարյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ Ֆրանսիա վերադառնալուն պես իրենք շարունակելու են Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ ջանքերը, սակայն այսօր առաջնային խնդիր է մարտական գործողությունների դադարեցումը, արյունահեղության դադարեցումը և խաղաղ բանակցություններին վերադառնալը: Նա նաև հավելել է, որ բավական մեծաթիվ պատվիրակության այցը Երևան կոչված է ևս մեկ անգամ ցույց տալու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին և Արցախին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր ԱրմԻնֆո-ն, 15 ֆրանսիացի խորհրդարանականներ հոկտեմբերի 24-27-ն ընկած ժամանակահատվածում կգտնվեն Հայաստանում և Արցախում: Այցի նպատակն է աջակցություն հայտնել Հայաստանին, որի հետ Ֆրանսիան առանձնահատուկ հարաբերություններ ունի, և միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել Արցախում տեղի ունեցող իրադարձությունների վրա:
Հարկ է նաև նշել, որ Ադրբեջանում արդեն արձագանքել են այդ այցին։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը այդ քայլը գնահատել է՝ որպես <Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ֆրանսիայի միջնորդական դերին չհամապատասխանող>:
<Ֆրանսիայի խորհրդարանի պատվիրակության այցը Հայաստան միակողմանի և կողմնակալ բնույթ է կրում ։ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահն է ։ Համանախագահող երկրները պետք է ապահովեն միջնորդական առաքելության չեզոքությունն ու անկողմնակալությունը։ Այս այցը կասկածի տակ է դնում Ֆրանսիայի չեզոքությունը ՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ>,- ասվում է Հաջիեւի հայտարարության մեջ: